Բերձորի միջանցքի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Բերձորի միջանցքի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Բերձորի միջանցքի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Բերձորի միջանցքն ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստների կողմից ավելի քան մեկ ամիս է՝ շարունակում է փակ մնալ, և այս իրավիճակն օրեցօր էլ ավելի է խորացնում Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար ծանր իրավիճակը։ Սակայն ճանապարհի փակ լինելը պայմանավորված չէ միայն Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող ճանապարհից զրկելու միտումով, և այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ փոքր միջանցքն ունի անհամեմատ ավելի մեծ աշխարհաքաղաքական դեր և նշանակություն, որոնք առաջին հայացքից կարող են ստվերվել։

Մասնավորապես անհրաժեշտ է հասկանալ նաև, թե միջանցքի շուրջը տեղի ունեցող զարգացումներում ինչ դիրքորոշում ունեն տարածաշրջանային և արտատարածաշրջանային խոշոր դերակատարները, և ինչ հանգամանքներով են պայմանավորված վերջիններիս մոտեցումները։

Ռուսաստանի Դաշնության պարագայում, որը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հրադադարի պահպանման և Բերձորի միջանցքի անխափան գործունեության երաշխավորն է, առաջնային պլան է մղվում Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցությունը նվազեցնելու միտումը, քանի որ տարածաշրջանը Մոսկվան ավանդաբար համարում է իր «ազդեցության ոլորտ»:

Մի շարք փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված բոլոր քայլերը հեռու են անկեղծությունից։ Օրինակ՝ Ռուսաստանը պարբերաբար բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ կողմերին կոչ անելով կատարել եռակողմ համաձայնագրերի դրույթները։ Նմանատիպ մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանին հասկանալու գլխավոր «խնդիրը» հենց Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների քաղաքականությունն է։

Ռուսաստանը մի կողմից «սուր հարձակումներ է գործում» Կովկասում Արևմուտքի նախաձեռնությունների վրա, իսկ մյուս կողմից, ինչպես Ուկրաինայի դեպքում, փորձում է դրսևորել իր պատմական գերակայությունը։ Սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի բարդ է Հարավային Կովկասում, քանի որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի պայմաններում նավթի և գազի մատակարարումների առումով Ադրբեջանի կարևորությունը մեծացել է, իսկ Արևմուտքի հետ Բաքվի կապերը կարող են ստիպել Մոսկվային ավելի զգուշավոր քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Մոսկվայի արձագանքը Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակին ազդեցություն է ունենում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ եթե Բերձորի միջանցքի շուրջը լարվածությունը պահպանվի, ապա դրանից կտուժի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։

Այս առումով Բերձորի միջանցքն առանցքային նշանակություն ունի ինչպես Մոսկվա-Արևմուտք, այնպես էլ Անկարա-Բաքու-Երևան հարաբերություններում։

Արցախյան հակամարտության նկատմամբ Արևմուտքի և ԵՄ երկրների վերաբերմունքը երկար տարիներ արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ։ Սակայն վերջին շրջանում Եվրամիության վերաբերմունքը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի նկատմամբ լրջորեն փոխվել է։ Հենց այս պրիզմայից պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ որոշակի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունները։

Բացի Եվրամիությունից՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ տարածաշրջանի երկրների դիրքորոշումը նույնպես փոքր նշանակություն չունի։ Այս համատեքստում Ֆրանսիան և Իրանը պարբերաբար Հայաստանին աջակցող հայտարարություններով են հանդես գալիս, ինչն առաջացնում է Ադրբեջանի և վերջինիս դաշնակից Թուրքիայի դժգոհությունն ու զարմանքը։

Միևնույն ժամանակ մի շարք թուրք փորձագետների համոզմամբ՝ Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված Ադրբեջանի նկատմամբ ֆրանսիացի քաղաքական գործիչների բացասական արձագանքի ձևավորման գործում կարևոր դեր է խաղում տարածաշրջանում Թուրքիայի աճող դերը։ Անկարայի աշխարհաքաղաքական ազդեցության աճը տարածաշրջանում, Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի դիրքորոշման ֆոնին, ինչպես նաև Ուկրաինայում միջնորդական ջանքերը, անթաքույց դժգոհություն են առաջացնում Փարիզում, և վերջինս փորձում է իրավիճակը հավասարակշռել Հայաստանին աջակցություն հայտնող տարբեր նախաձեռնություններով։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ տարծաշրջանը և Բերձորի փոքր միջանցքը վերածվել են աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի, որտեղ յուրաքանչյուր դերակատար գործում է բացառապես սեփական ազդեցությունը մեծացնելու և իր շահերն առաջ մղելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հայկական զինված ուժերի մարտունակության վերականգնումը, քանի որ առկա իրավիճակը վերին աստիճանի պայթյունավտանգ է և ցանկացած պահի կարող է հանգեցնել նոր ռազմական գործողությունների։

Add new comment