Բոնապարտը Եգիպտոսում. Բոնապարտի՝ եգիպտական արշավանքի դրդապատճառներն ու հետևանքները

Բոնապարտը Եգիպտոսում. Բոնապարտի եգիպտական արշավանքի դրդապատճառներն ու հետևանքները

Բոնապարտը Եգիպտոսում. Բոնապարտի եգիպտական արշավանքի դրդապատճառներն ու հետևանքները

«Դետք»-ը սկսել է նոր շարք՝ «Բոնապարտը Եգիպտոսում» խորագրով, որի յուրաքանչյուր հոդված ընթերցողի համար կբացահայտի մեծ զորավարի եգիպտական արշավանքի ուշագրավ մանրամասները:

Ֆրանսիացի 29-ամյա գեներալ Բոնապարտի եգիպտական արշավանքը Ֆրանսիայի պատմության և գեներալի կենսագրության թերևս առեղծվածային էջերից մեկն է: 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունը, որի տասը տարին նրա լավագույն զորահրամանատարներից մեկի՝ Եգիպտոս նախաձեռնած արշավանքի ժամանակ դեռևս չէր բոլորել, տապալեց Բուրբոնների դինաստիան, կառափնարան ուղարկեց իր թագավորին՝ Լյուդովիկոս XVI-ին, թագուհու՝ Մարիա Թերեզայի հետ միասին, հռչակեց «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» և ալեկոծեց ողջ աշխարհը:

Ինչո՞վ էր պայմանավորված կամ թելադրված Բոնապարտի եգիպտական արշավանքը: Երբ հեղափոխական Ֆրանսիան գտնվում էր շատ ծանր պայմաններում, երբ նրան դեռևս չէր հաջողվել վերացնել կամ ճեղքել երկրի շուրջը ստեղծված թշնամի ուժերի օղակը, հանկարծ ֆրանսիական ռազմական ուժերի մի զուրախումբ, որի թիվը հասնում էր 30.000-ի, հանվում է նրա համար կենսական նշանակություն ունեցող եվրոպական ճակատից և ֆրանսիական լավագույն զորահրամանատարի ղեկավարությամբ ուղարկվում Աֆրիկա, որը գտնվում էր մամլուք ավազակների լծի ներքո: Ֆրանսիան թեև ռազմական հաղթանակներ էր տանում եվրոպական երկրների՝ Ավստրիայի, Պրուսիայի, իտալական զանազան պետությունների նկատմամբ, բայց նրան չէր հաջողվում պարտության մատնել իր գլխավոր հակառակորդին՝ Անգլիային, որը հակաֆրանսիական ուժերի համախմբման գլխավոր ոգեշնչողն էր: Ֆրանսիան ի վիճակի չէր Լամանշն անցնելու և ներխուժելու Անգլիա: Իսկ դա նշանակում էր, որ նրա հիմնական հակառակորդը մնում էր անխոցելի: Դեռ ավելին՝ քանի դեռ Անգլիան չէր ջախջախվել, անընդհատ գլուխ էին բարձրացնելու պարտություն կրած Ավստրիան, Պրուսիան և եվրոպական մայրցամաքի այլ երկրներ: Այսպիսի իրավիճակում Փարիզում խիստ կասկածելի որոշում է ընդունվում Անգլիային հարվածել նրա գաղութներից՝ ենթադրելով, որ եթե երկիրը զրկվի արևելյան գաղութներից, առաջին հերթին՝ Հնդկաստանից, ապա դա ծնկի կբերի նրան: Փարիզում հավատացած էին, որ դրանից հետո Ֆրանսիան այլևս լուրջ մրցակից չի ունենա Եվրոպայում և կկարողանա այնտեղ իր հեգեմոնիան հաստատել: Ընտրությունն ընկավ Եգիպտոսի վրա՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական բարենպաստ դիրքը: Վերջինս կարևոր խաչմերուկ էր, որին տիրանալու դեպքում կարելի էր նվաճել կամ վերահսկողություն սահմանել արաբական մյուս երկրների՝ Սիրիայի, Արաբիայի, Պաղեստինի, Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի վրա, կտրել Արևելքի հետ Անգլիան կապող հաղորդակցությունները, Միջերկրական ծովը դարձնել Ֆրանսիական ծով, իսկ այնուհետև, օգտագործելով արաբական բնական կամուրջը, ներխուժել Հնդկաստան և այդ երկիրը դուրս բերել Անգլիայի տիրապետության տակից:

Ըստ Ֆրանսիան կառավարող Դիրեկտորիայի (կառավարության) հաշվարկների՝ դա մահացու հարված կլիներ Անգլիայի համար: Թեև հեղափոխական Ֆրանսիան հռչակեց ազատության և հավասարության լոզունգները, այդուհանդերձ, նույնպես հետամուտ էր գաղութային քաղաքականությանը: Ասիայում և Աֆրիկայում նոր գաղութներ ձեռք բերելը երբեք աչքաթող չէր արվում, մանավանդ այն բանից հետո, երբ Ֆրանսիան կորցրեց Ամերիկայի իր գաղութների մեծ մասը և ցանկանում էր փոխհատուցել դա գաղութային նոր ձեռքբերումներով: Պակաս նշանակություն չուներ անձնական գործոնը: Ապաշնորհ անձերից կազմված ֆրանսիական Դիրեկտորիայի անդամներին խիստ անհանգստացնում էր գեներալ Բոնապարտի օրեցօր աճող հեղինակությունը Ֆրանսիայում: Նա մեծ քանակությամբ համակիրներ ուներ ֆրանսիական ժողովրդի, զինվորականների, լուսավորիչների և քաղաքական գործիչների շրջաններում: Դիրեկտորիայի անդամները մտավախություն ունեին, որ վճռական գործողությունների ընդունակ գեներալը կարող է գայթակղվել, պետական հեղաշրջում կատարել և իշխանությունը վերցնել: Բոնապարտի այդ հնարավոր քայլը կանխելու համար Դիրեկտորիան հավանություն տվեց գեներալ Բոնապարտի հրամանատարությամբ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուս Եգիպտոս ուղարկելու ծրագրին: Չպետք է բացառել այն ենթադրությունը, որ Դիրեկտորիան ավելի քան համոզված էր, որ Բոնապարտը հաջողության չէր հասնելու: Իսկ այդ դեպքում դա հարմար առիթ կարող էր ծառայել նրան մեղադրելու, վարկաբեկելու և ասպարեզից հեռացնելու համար: Սակայն Դիրեկտորիան սխալվեց բոլոր հարցերում:

Բոնապարտի ներխուժումը Եգիպտոս և եգիպտացիներին ուղղված նրա մանիֆեստը

1798 թ. մայիսին գեներալ Բոնապարտը, իր երեսունհազարանոց էքսպեդիցիոն կորպուսի գլուխն անցած և նավատորմի ուղեկցությամբ, դուրս եկավ Տուլոնից և հաջողությամբ խուսանավելով անգլիական նավատորմի հետ բախվելուց, որը գլխավորում էր անգլիական ծովակալ Նելսոնը, հուլիսի 1-ին հասավ եգիպտական Ալեքսանդրիա նավահանգիստը: Նա առանց լուրջ դժվարության ճնշեց եգիպտացիների դիմադրությունը, գրավեց Եգիպտոսի պատմության մեջ մեծ դեր խաղացած այդ քաղաքը և պատրաստվեց շարունակել իր երթը դեպի Կահիրե: Ոտք դնելով եգիպտական հողի վրա՝ Բոնապարտը հատուկ մանիֆեստով դիմեց եգիպտացիներին: Մանիֆեստը կազմված էր արաբերեն և տարածվեց ողջ Եգիպտոսում: Ուսումնասիրելով մանիֆեստը՝ կարելի է պնդել, որ գեներալը բավականին հանգամանորեն է աշխատել նրա վրա, հաշվի է առել Եգիպտոսի յուրահատկությունները, մամլուքյան դաժան իշխանության արհավիրքները, իսլամի գործոնը և այլ հանգամանքներ: Որոշ դրույթներ ձևակերպված էին մեծ զգուշությամբ, հատկապես այն պարագան, որ Եգիպտոսն Օսմանյան կայսրության մի մասն է, և ինքը՝ Բոնապարտը, եկել է ոչ թե օսմանյան սուլթանի իրավունքները ոտնահարելու, այլ նրան պաշտպանելու համար: Սակայն նրանում կան մտքեր և ձևակերպումներ, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում: Ֆրանսիացի զորավարի մանիֆեստն ամբողջությամբ ուղղված է մամլուքների, նրանց տիրապետության և քաղաքականության դեմ: Նա մամլուքներին համարում է վատ մուսուլմաններ, ուզուրպատորներ, «որոնք զավթել են կյանքի բոլոր բարիքներն ու ուրախությունները», Եգիպտոսի երբեմնի մեծ քաղաքները, ջրանցքները և առևտուրը «կործանվել են մամլուքների բռնատիրության և ագահության հետևանքով» և այլ մեղադրանքներ: Բայց երբ նա վատ մուսուլմանների հարցը քննարկելուց հետո անցնում է լավ մուսուլմանների հարցին, ապա այստեղ կարծես կորցնում է իրականության զգացումը և ընկնում երևակայության գիրկը: Դրա մասին են վկայում մանիֆեստի հետևյալ տողերը. «Եգիպտոսի՛ բնակիչներ: Ձեզ կարող են ասել, որ ես իբր եկել եմ կործանելու ձեր կրոնը: Դա սուտ է: Չհավատաք դրան: Պատասխանեք այդ ստախոսներին, որ ես եկել եմ վերականգնելու ձեր իրավունքները, պատժելու բռնազավթիչներին, որ ես ավելի շատ եմ հարգում Ալլահին, նրա մարգարեին և Ղուրանը, քան թե մամլուքները: Շեյխե՛ր, կադինե՛ր և իմամնե՛ր: Ասացեք ժողովրդին, որ ֆրանսիացիներն իսկական մուսուլմաններ են»:

Գեներալ Բոնապարտն իր խոսքերին և մանիֆեստին ավելի մեծ կշիռ տալու համար նմանակել է մուսուլմանական հրովարտակներին, որոնք սովորաբար սկսվում են մուսուլմանական փաստաթղթերին և կոչերին հատուկ բանաձևով՝ «Բիսմիլլահ ռահման ռահիմ «Բարեգութ և գթասիրտ աստծո անունով», կամ «Լա իլլահա իլլա լլահա»՝ «Չկա աստված՝ Ալլահից բացի»: Այդ նույն բանաձևն է օգտագործել «մուսուլմաններից ավելի մուսուլման» ֆրանսիական գեներալն իր մանիֆեստի սկզբում: Երբ Բոնապարտը փորձում է հավատացնել եգիպտացիներին, որ ինքն ավելի շատ է հարգում նրանց աստծուն՝ Ալլահին, և մուսուլմանական ատրիբուտիկան, քան թե մամլուքները, ապա դա կարելի է համարել խորամանկ մարտավարական քայլ, նույնիսկ հավատալ դրան: Բայց երբ նա կոչով դիմում է Եգիպտոսի մուսուլման հոգևոր առաջնորդներին՝ համոզելու եգիպտացիներին, որ «ֆրանսիացիներն իսկական մուսուլմաններ են», ապա այստեղ ոչ միայն կորցնում է չափի զգացումը, այլև վիրավորում եգիպտական իմամներին, շեյխերին և կադիներին: Բոնապարտը նրանց առաջարկում է անել մի բան, որը չէր համապատասխանում իրականությանը, և որի մասին նրանք շատ լավ գիտեին, հետևաբար դա նրանց համար սրբապղծություն էր ու անընդունելի: Արևելքում չպատճառաբանված վիրավորանքը երբեք չի ներվում: Ահա այս հարցում կոպիտ սխալ թույլ տվեց գեներալը, որը, թեև եգիպտացիներին հաճոյանալու համար Կահիրեում գտնվելու ընթացքում սիրում էր հագնել արևելյան զգեստներ, լինել մզկիթներում և լսել աղոթքներ, անգամ փոխեց իր անունը և իրեն անվանեց «Ալի Բունաբարդի փաշա», ավելի ճիշտ իր ֆրանսիական անվանակոչումը հարմարեցրեց արաբական-մուսուլմանական ձևին:

Այդ մանիֆեստում Բոնապարտը թույլ տվեց մի սխալ ևս: Խոսքը վերաբերում է օսմանյան սուլթանին: Նա փորձում էր հավատացնել, որ ինքը թուրքական սուլթանի մեծ բարեկամն է և եկել է նրան պաշտպանելու: Նման եզրակացության համար հիմք կարող են հանդիսանալ մանիֆեստի հետևյալ հատվածները: Դիմելով եգիպտացիներին և նրանց հոգևոր առաջնորդներին՝ Բոնապարտը հարցնում է. «Մի՞թե մենք մշտապես չենք եղել օսմանյան սուլթանի բարեկամները և նրա թշնամիների թշնամիները: Մամլուքները, ընդհակառակը, չեն ենթարկվում սուլթանին և միշտ խռովություն են բարձրացնում նրա իշխանության դեմ»: Նրա առաջարկով՝ «յուրաքանչյուր գյուղ, որը կենթարկվի ֆրանսիացիներին, պարտավոր է բարձրացնել նաև մեր բարեկամի՝ օսմանյան սուլթանի դրոշը»: Մանիֆեստի վերջում ասվում էր. «Բոլոր եգիպտացիները, որոնք շնորհապարտ կլինեն Ալլահին մամլուքների կործանման համար, թող բացականչեն՝ «Փառք օսմանյան սուլթանին»»: Բոնապարտի սխալն այն էր, որ նա երբեք օսմանյան սուլթանի բարեկամը և նրա թշնամիների թշնամին չէր եղել, այլ ընդհակառակը: Եվ ոչ էլ նա եկել էր սուլթանին պաշտպանելու ընդդեմ մամլուքների: Նա Եգիպտոս էր ներխուժել Ֆրանսիայի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Մանիֆեստը մամլուքներին պատժելու սպառնալիքների հետ միասին պարունակում էր մի շարք խոստումներ, որոնք պետք է բարելավեին եգիպտացիների կյանքի պայմանները: Նրանում ընդգծված էր, որ այն բոլոր եգիպտացիները, որոնք կանցնեն Բոնապարտի կողմը և կպաշտպանեն ֆրանսիացիներին, «եռակի երջանիկ կլինեն»: Դրա հետ միասին մանիֆեստը խիստ պատիժներ էր նախատեսում նրանց համար, ովքեր կպաշտպանեն մամլուքներին ու հանդես կգան ֆրանսիացիների դեմ, ընդհուպ եգիպտական գյուղերի հրկիզում:

 

 

Add new comment