Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը կարծում է, որ բոլոր երկրները պետք է ներգրավված լինեն միջազգային անվտանգության ապահովման գործում

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ավագ դիվանագետ և փոխդեսպան Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ միջազգային անվտանգության ապահովման գործում պետք է ներգրավված լինեն բոլոր երկրները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Մալեքին շեշտել է, որ այդ գործում պետք է հիմնվել միջազգային սկզբունքների վրա։ Վերջինիս ելույթի առանցքում են եղել միակողմանիությանը դիմակայելը, առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության տարածաշրջանային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ահաբեկչության տարբեր ձևերի դեմ արդյունավետ պայքարը և անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրների միջև համագործակցությունը։

Իրանցի դիվանագետն անդրադարձել է նոր աշխարհակարգի անցման ներկայիս միտումներին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ բոլոր երկրները պետք է ակտիվորեն մասնակից լինեն միջազգային անվտանգության ապահովման գործին՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը, համաշխարհային կառույցների անկախությունը և ժողովուրդների կամքի նկատմամբ հարգանքը»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով
 

Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը, որը կենտրոնացած չի լինի բացառապես Միացյալ Նահանգների և վերջինիս դաշնակիցների շուրջը։ Այս համատեքստում Իրանը համագործակցում է նման մոտեցումներ ունեցող երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ։

 

Add new comment