Բոնապարտը Եգիպտոսում. Նապոլեոնի դժվարությունները Եգիպտոսում և հակաֆրանսիական ապստամբությունը

Բոնապարտը Եգիպտոսում. Նապոլեոնի դժվարությունները Եգիպտոսում և հակաֆրանսիական ապստամբությունը

Բոնապարտը Եգիպտոսում. Նապոլեոնի դժվարությունները Եգիպտոսում և հակաֆրանսիական ապստամբությունը

Բոնապարտը երկար չվայելեց իր հաղթանակի պտուղները: Խաղի մեջ մտավ Անգլիան: Անգլիական նավատորմը ծովակալ Նելսոնի գլխավորությամբ 1798 թ. օգոստոսի 1-ին՝ Գիզայի հաղթանակից մոտ մեկ շաբաթ անց, Աբուկիրի ծովախորշում հարձակվեց այդտեղ կայանած ֆրանսիական նավատորմի վրա: Ծովային մարտն ավարտվեց ֆրանսիական նավատորմի ոչնչացմամբ: Աբուկիրում կրած պարտությունը ծանր հետևանքներ ունեցավ Բոնապարտի առաքելության վրա:

Խզվեց ծովային կապը Ֆրանսիայի հետ, որի պատճառով նրա զորքերն այլևս չէին կարող համալրում ստանալ: Անգլիացիների կողմից ֆրանսիական նավատորմի ոչնչացումից հետո Բոնապարտն այլևս չէր կարող մտածել Հնդկաստանի, վերջինիս տիրանալու և Անգլիային ծնկի բերելու մասին: Նա այժմ ավելի շատ պետք է մտածեր իր և իրեն վստահված ֆրանսիական զորքերի փրկության մասին: Ֆրանսիացիների դրությունը բարդանում էր նաև այն պատճառով, որ Եգիպտոսը փաստորեն վերածվեց թշնամական միջավայրի նրանց համար: Եգիպտացիները նրանց չընկալեցին որպես ազատարարների, որոնք եկել էին իրենց ազատագրելու մամլուքներից և օսմանյան սուլթանի տիրապետությունից, այլ նրանց համարում էին օտար նվաճողներ և զավթիչներ:

Եգիպտացիների հակաֆրանսիական զգացմունքների առաջացման մեջ իր դերն ունեցավ Բոնապարտի քաղաքականությունը: Նա, հակառակ իր խոստումներին, եգիպտացիների հետ վարվում էր շատ դաժան կերպով: Երբ նրա զորքերը ներխուժեցին Կահիրե, կողոպտեցին քաղաքի բնակչությանը, հրկիզեցին նրանց տները և շատ-շատերի մահապատժի ենթարկեցին: Կահիրեն դա չներեց ֆրանսիացիներին: Բացի այս ամենից՝ Բոնապարտը ծանր հարկեր դրեց եգիպտացիների վրա, որոնք շատ հաճախ ավելի ծանր էին, քան մամլուքների սահմանած հարկերը: Բանակի կարիքները բավարարելու համար նրա հրամանով գյուղացիներից բռնագրավվեցին հացահատիկը և անասնակերը: Այս քաղաքականությունը ֆրանսիացիների դեմ լարեց երկրի գյուղական և քաղաքային բնակչությանը:

Բոնապարտի վիճակն էլ ավելի վատացավ, երբ Աբուկիրի պարտությունից հետո խաղի մեջ մտավ նաև Օսմանյան կայսրությունը: Մինչ այդ Բարձր դուռը, թեև շատ էր անհանգստացած, սակայն սահմանափակվում էր միայն իրադարձություններին հետևելով և խուսափում էր կոնկրետ գործողությունների դիմելուց: Բայց Աբուկիրում ֆրանսիացիների նկատմամբ անգլիացիների տարած հաղթանակից հետո սուլթան Սելիմ III-ը 1798 թ. սեպտեմբերին պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Շատ վայրերում զանգվածային շարժումներ էին ծավալվել, մանավանդ Բարձր դռան կողմից Ֆրանսիային պատերազմ հայտարարելուց հետո: Հակաֆրանսիական շարժման մասնակիցները հարձակվում էին ֆրանսիացի սպաների և զինվորների վրա ու սպանում նրանց: Նույն ճակատագրին էին արժանանում եգիպտացիների համար ատելի ֆրանսիացի հարկահավաքները: Այս շարժումը հատկապես լայն թափ էր ստացել Նեղոսի Դելտայում: Ուստի Բոնապարտը հարկադրված էր հատուկ ջոկատներ ուղարկել՝ պատժելու ապստամբած գյուղական և քաղաքային բնակչությանը:

 Ապստամբությունը տարածվեց Եգիպտոսի մյուս շրջաններում: 1798 թ. հոկտեմբերին ապստամբեց նաև Կահիրեն: Քաղաքի բնակիչները հարձակվում էին ֆրանսիացի սպաների ու գեներալների վրա ոչ միայն փողոցներում և շուկաներում, այլև նրանց տներում ու սպանում նրանց: Ֆրանսիական բանակը պատրաստ չէր նման գործողությունների և չկարողացավ դիմագրավել ապստամբներին: Նա ստիպված էր լքել Կահիրեն: Անգամ Բոնապարտը հազիվ փրկվեց՝ փախուստի դիմելով մայրաքաղաքից: Նա ապաստան գտավ Նեղոսի կղզիներից մեկում՝ վճռական գործողությունների պատրաստվելով ապստամբների դեմ: Պատրաստվում էին նաև ապստամբները, որոնք բնավ մտադիր չէին առանց մարտի զիջել ֆրանսիացիներին: Նրանք Կահիրեն ծածկեցին բարիկադների ցանցով: Ապստամբական շարժման կենտրոն դարձավ Ալ-Ազհար մզկիթը, որը մուսուլմանական աշխարհի ամենահեղինակավոր մզկիթներից մեկն էր: Այստեղ հավաքվեց Կահիրեի մոտ 15.000 բնակիչ՝ պատրաստ պաշտպանելու իրենց քաղաքը: Ալ-Ազհարի անցնելն ապստամբների կողմը մեծ նշանակություն ունեցավ: Կահիրեին օգնության եկան գյուղացիները, մոտ 5000 ֆելլահ, ինչպես նաև քոչվոր բեդվինները հարևան լիբիական անապատից:

Նեղոսի կղզիներից մեկում ապաստանած Բոնապարտը հիմնովին նախապատրաստվեց ապստամբությունը ճնշելու համար: Նա իր զորքերը բաժանեց երեք խմբի. առաջին պատժիչ խումբն ուղարկեց ֆելլահների դեմ, երկրորդը՝ բեդվինների, իսկ երրորդը պահեց իր անձնական հրամանատարության տակ՝ Կահիրեի ապստամբներին անմիջականորեն հարվածելու համար: Բոնապարտը, որ եգիպտացիներին ուղղված իր մանիֆեստում մամլուքներին համարում էր վատ մուսուլմաններ, իսկ իրեն և ֆրանսիացիներին՝ լավ մուսուլմաններ, սառնասրտորեն հրամայեց հրետակոծել Ալ-Ազհար մզկիթը և նրանում գտնվող մոտ 15.000 հասարակ, հավատացյալ մուսուլմաններին: Դա աննախադեպ արարք էր, որը լիովին հեղինակազրկեց նրան մուսուլմանների աչքերում: Այդ ռմբակոծության զոհը դարձան հազարավոր մարդիկ, նրանց սրախողխող էին անում ֆրանսիացի զինվորները: Ապստամբությունը ճնշելը վերածվեց իսկական սպանդի: Ֆրանսիացիները նույն կերպ վարվեցին նաև ապստամբներին օգնության եկած ֆելլահների և բեդվինների հետ, իսկ նրանց վեց ղեկավարները գլխատվեցին:

 

«Բոնապարտը Եգիպտոսում» շարքի երկրորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Add new comment