Ոչ թե Բաթումում ընթացող բանակցությունները, այլ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մաքառող հայությունն էր ծնունդ տալիս Հայաստանի առաջին hանրապետությանը

Ոչ թե Բաթումում ընթացող բանակցությունները, այլ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մաքառող հայությունն էր ծնունդ տալիս Հայաստանի առաջին hանրապետությանը

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է, որը հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած Մայիսյան հաղթանակների շնորհիվ։ Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է կարևորագույն խորհուրդ. հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության, պետականություն ունենալու իրավունքը։ Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո՝ 1918 թ. մայիսի 28-ին, ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության, վերածնվեց հայկական պետականությունը։ Հայոց նորագույն պետականությունն իր ծնունդով պարտական է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերին։ Ի տարբերություն Անդրկովկասյան մյուս ժողովուրդների՝ հայությունը միակն էր, որն իր անկախությունը ստանում էր ոչ թե ի հաշիվ արևմտյան հովանավորության կամ թուրքական նվիրատվության պարագայում, այլ շնորհիվ ռազմի դաշտում թափած արյան։ Ոչ թե Բաթումում ընթացող բանակցությունները, այլ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մաքառող հայությունն էր ծնունդ տալիս Հայաստանի առաջին հանրապետությանը։

Հայաստանի նորանկախ հանրապետության գոյության կենսունակությանը քչերն էին հավատում, քանզի խիստ նեղ էին սահմանները, և անբաժան ուղեկիցներն էին սովը, հիվանդությունները, քաոսն ու անիշխանությունը։ Պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ էին գերմարդկային ճիգեր։

Հայաստանի անկախանալը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք։ Առաջին հանրապետությունն ընդամենը 2.5 տարի գոյատևեց, բայց հասցրեց ստեղծել կանոնավոր բանակ, զինանշան, օրհներգ, պետական դրոշ և այլն։ Չունենալով երկար կյանք՝ առաջին հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։

Add new comment