Submitted by D.Guyumjyan on
DETQ

Թեհրանը դատապարտում է Զելենսկիի հակաիրանական հայտարարությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հակաիրանական հայտարարությունները՝ դրանք անվանելով «անօգուտ քաղաքական շոու, որն անհիմն պնդումներ է պարունակում»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին նշել է, որ Իրանը միշտ հայտարարել է՝ դեմ է Ուկրաինայում պատերազմին և դրա շարունակմանը, ափսոսում է Ուկրաինայի ժողովրդի տառապանքների համար և ընդգծում է քաղաքական լուծման որոնման անհրաժեշտությունը՝ դրա շուտափույթ դադարեցման համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել այս նպատակների իրականացման համար։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումների կրկնությունը հակառուսական քարոզչության և մեդիապատերազմի շրջանակում է։ Նրա խոսքով՝ դա «քաղաքական շոու» է և իրականացվում է արևմտյան երկրներից որքան հնարավոր է շատ զենք և ֆինանսական օգնություն կորզելու նպատակով։

Վերջինս հավելել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահն ավելի վաղ Իրանին կոչ էր արել «վերանայել Ռուսաստան անօդաչուների մատակարարման հարցը և չաջակցել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում»։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայի իշխանությունները և նրանց արևմտյան գործընկերները պարբերաբար մեղադրում են Իրանին Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանական կողմը մշտապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ դեմ է պատերազմի շարունակմանը։

Add new comment