Թեհրանը պնդում է՝ իրան-իրաքյան անվտանգության համաձայնագիրը կհանգեցնի համագործակցության ընդլայնմանը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպում է ունեցել Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ-Արաջիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ահմադիանը շեշտել է, որ Թեհրանը դիտարկում է իրան-իրաքյան անվտանգության ընդլայնված համաձայնագիրը՝ որպես կայուն սահմանային անվտանգության հաստատման ճանապարհային քարտեզ։ Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կհանգեցնի բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջև վերջերս ձեռք բերված անվտանգության համաձայնագրի կատարման ընթացքը։
Ահմադիանն ընդգծել է, որ Իրանի և Իրաքի ընդհանուր կրոնական ու քաղաքակրթական առանձնահատկությունները երաշխավորում են երկու երկրների միջև խոր հարաբերությունները։ Նա վերջերս ստորագրված համաձայնագիրն անվանել է բանակցությունների և վերջին ամիսների երկու երկրների համատեղ ջանքերի արդյունք։
«Իրանն ակնկալում է, որ Իրաքի կառավարությունը հնարավորինս արագ երաշխավորի Իրանի հետ երկրի սահմանների անվտանգությունը՝ միաժամանակ վերջ դնելով երկրում հակահեղափոխական տարրերի ներկայությանը»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ իր երկիրը ձգտում է զարգացնել ընդհանուր հարաբերությունները հարևան երկրների, մասնավորապես բարեկամ Իրաքի հետ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է նաև Իրաքի հետ հարաբերությունների խորացումը հատկապես այդ երկրի հետ ունեցած սահմանների անվտանգության ապահովման տեսանկյունից։ Բացի դրանից՝ Իրաքի հետ համագործակցության խորացմամբ Իրանը հակակշում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը, որը երկար տարիներ ռազմական ներկայություն էր հաստատել այդ երկրում։
Add new comment