Ռայիսին կարծում է, որ աշխարհի ապագան որոշելու են տարածաշրջանային կազմակերպությունները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կարծում է, որ աշխարհի ապագան որոշելու են տարածաշրջանային կազմակերպությունները։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գլխավոր քարտուղարի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Ռայիսին ընդգծել է, որ տարածաշրջանում առկա է մեծ ներուժ՝ մասնակից երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա հույս է հայտնել, որ հարթակի կարգավիճակն ավելի կամրապնդվի, քան դա եղել է նախկինում։
Նշենք, որ «Փոխգործակցությունն ու վստահության ամրապնդման միջոցները Ասիայում» համաժողովը համագործակցության ամրապնդման միջազգային ֆորում է՝ ուղղված ասիական մայրցամաքում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը։ Այն հիմնված է Ասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության և կայունության միջև անմիջական հարաբերությունների ըմբռնման վրա:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը չափազանց մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը և ամեն կերպ ձգտում բացառել արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը։ Նման կերպ Թեհրանը փորձում է նաև ամրապնդել տարածաշրջանային տերության իր դիրքերը և հակակշռել մրցակիցների ազդեցությունը։
Add new comment