Ադրբեջանը կստանա ժամանակակից նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա․ Ադրբեջանի ՊՆ
«Ադրբեջանի բանակը կստանա ժամանակակից նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
1 միլիարդ 105 միլիոն մանաթ է հատկացվել Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության միջոցառումների հետագա մեծացման համար, որից 1 միլիարդ մանաթը՝ հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսերի համար, ինչը թույլ կտա ժամանակակից նոր զենք և ռազմական տեխնիկա գնել բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում:
2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ավարտվել է Ադրբեջանի բանակի «Կոմանդո» զորքերի, մոտոհրաձգային, մեքենայացված ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հետ ուսումնամեթոդական հավաքը։
Հասանովը նաև հանձնարարել է անհապաղ կանխել հայկական ստորաբաժանումների «սադրանքները»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն անհիմն մեղադրում է Հայաստանին զինվելու, ոլորտում փոփոխություններ կատարելու մեջ, իբրև թե դա նշանակում է պատերազմի պատրաստվել, սակայն Ադրբեջանի պարագայում զինվելը, ռազմական ծախսերն ավելացնելը «խաղաղության» պատրաստվել են նշանակում։
Զաքիր Հասանովի հանձնարարականները՝ կանխելու սադրանքները, անկայունություն առաջացնելու նպատակ են հետապնդում՝ անհիմն մեղադրելով Հայաստանին։
Add new comment