Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Աբոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ է և ի վիճակի է պահպանելու երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Մուսավին շեշտել է՝ ներկայումս իրանական զինված ուժերը գտնվում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա, և նրա ստորաբաժանումները՝ ցամաքային, օդային և ջրային, համագործակցում են միմյանց հետ։ Նրա խոսքով՝ ցանկացած առաքելություն, որը կցանկանա իրականացնել զինված ուժերի գլխավոր հրամանատարը, կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Փաստացի բանակը լիովին ի վիճակի է պաշտպանելու երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող է ամբողջ ուժով կատարել իր պարտականությունները ցանկացած պահի և ցանկացած ոլորտում»,- ասել է նա։

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշել է, որ առաջատար տեխնոլոգիաների հարցում երկիրը մեկ քայլ առաջ է իր բոլոր թշնամիներից։ Նա ասել է, որ Իրանը երբեք չի դադարի առաջ շարժվելուց և ի հեճուկս խիստ պատժամիջոցների՝ մեծ առաջընթաց է գրանցել թվաքանակի ու մարտունակության բարձրացման հարցում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է սեփական զինված ուժերի մարտունակության բարձրացումը և զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության ամրապնդումը։ Իրանական կողմն այս շրջանակում հստակ քայլեր է ձեռնարկում նաև ժամանակակից սպառազինության արտադրության և ձեռքբերման ուղղությամբ։

Add new comment