Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Իսրայելի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին թվիթերյան գրառմամբ արձագանքել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջան կատարած այցին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
«Սարդի բնի վրա հույս դնել չի կարելի, և տարածաշրջանային ներկայության ընդլայնման համար մեծ ճիգ ու ջանք գործադրելը չի օգնի վերականգնել սիոնիստական կեղծ ռեժիմի ներքին խարխլված հիմքերը»,- գրել է նա։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել Իրանի Իսլամական Հանրապետության խորաթափանց հայացքից։ Նրա խոսքով՝ աշխարհի ժողովուրդներն ատում են սիոնիստական ռեժիմին, և դա չի կարող ապագա ունենալ։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մայիսի 30-ին ժամանել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը և դեմ է հանդես գալիս, երբ Իսրայելն ամրապնդում է իր հարաբերությունները հատկապես իսլամադավան երկրների հետ։ Այս դիրքորոշումը պայմանավորված է նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ, որտեղ իսլամադավան երկրներն աջակցում են Պաղեստինին։
Add new comment