DETQ

1920 թվականի թուրք-հայկական և 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկը տարօրինակ զուգադիպությամբ համընկավ մեկ դար առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի մեկնարկին։ Մեկ դար առաջ՝ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին, քեմալական Թուրքիան՝ Քյազըմ Քարաբեքիրի գլխավորությամբ, առանց պատերազմ հայտարարելու հարձակում գործեց Հայաստանի առաջին հանրապետության վրա, որն ավարտվեց առաջին հանրապետության անկումով և խորհրդայնացմամբ։

Սակայն երկու պատերազմները միայն ամսաթվերի համընկնումով չէ, որ ունեն մի շարք նմանություններ։ Քեմալականները դեռևս 1919 թվականին կայացած Կարինի և Սեբաստիայի համաժողովների արդյունքում էին որոշել պատերազմ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ նրանք բացառում էին, որ հայ ժողովուրդն իր բնօրրանում՝ Արևմտյան Հայաստանում, վերականգնի իր պետականությունը, և այդ ճանապարհին լուրջ սպառնալիք ու խոչընդոտ էին համարում նորանկախ Հայաստանը, որն անհրաժեշտ էր ամեն կերպ վերացնել։

Միևնույն ժամանակ հատկանշական է, թե ինչու Թուրքիան պատերազմը սկսեց հենց 1920 թվականի սեպտեմբերին։ Նախևառաջ պատերազմ սկսելու հարմար 1920 թվականի աշնանը միջազգային դրությունը բավականին բարենպաստ էր դարձել. Հայաստանի այսպես կոչված դաշնակից պետությունները զբաղված էին իրենց խնդիրներով և առհասարակ ուշադրություն չէին դարձնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի առաջին հանրապետությունը, կարելի է ասել, առհասարակ դիվանագիտական հարաբերություններ չուներ Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկրում տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքում այնտեղ հաստատվել էր երկիշխանություն։

Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմի համար բավականին բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել նաև 2020 թվականի աշնանը. մասնավորապես ամբողջ աշխարհին պատած կորոնավիրուսային համավարակի արդյունքում աշխարհի մի շարք ազդեցիկ երկրներ զբաղված էին համավարակի դեմ պայքարով, Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության և տարբեր բացթողումների արդյունքում բավականին վատ վիճակում էին գտնվում հայ-ռուսական հարաբերությունները, իսկ աշխարհի մեկ այլ գերտերությունում՝ Միացյալ Նահանգներում, որը նաև Արցախի հարցով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրն էր, նախընտրական քարոզարշավի ամենաթեժ ժամանակահատվածն էր, և այդ կողմից ևս ուշադրությունը բավականին թույլ էր։

Մեկ այլ ուշագրավ զուգադիպություն երկու պատերազմների միջև. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքական զինուժն առանց լուրջ դիմադրության հանդիպելու կարողացավ գրավել Հայաստանի հյուսիսարևմտյան բերդաքաղաք Կարսը։ Ադրբեջանը, որին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան անթաքույց աջակցություն էր ցուցաբերում, ամեն ջանք գործադրում էր, որպեսզի Արցախի բերդաքաղաք Շուշին կարողանա գրավել հենց հոկտեմբերի 30-ին՝ Կարսի գրավման հարյուրամյակի օրը։ Ասվածի վկայությունն է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը։ Հարությունյանը նշում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշիից գտնվում է մի քանի՝ առավելագույնը հինգ կիլոմետր հեռավորության վրա, և նրանց գերնպատակն է գրավել ու տիրանալ Շուշիին։ Չնայած ամսաթվի առումով Ադրբեջանին չհաջողվեց հենց հոկտեմբերի 30-ին գրավել Շուշին, այնուամենայնիվ Շուշիի և Կարսի առեղծվածային անկումները մի շարք նմանություններ ունեն։ Կարս քաղաքը՝ Կարուց բերդով հանդերձ, կարելի է ասել անմատչելի տեղանք ուներ և անհնար էր այն գրավել։ Կարսի անկումից հետո շատ է շրջանառվել այն տեղեկությունը, որ քաղաքը պարզապես հանձնվել է, քանի որ այն պարզապես հնարավոր չէր գրավել, այդ իսկ պատճառով մի շարք բարձրաստիճան հայ զինվորականներ քաղաքի անկումից հետո ինքնասպան եղան։ Շուշիի դեպքում ևս քաղաքն ուներ անմատչելի տեղանք, և մի շարք զինվորականների ու ռազմական փորձագետների պնդմամբ՝ Շուշին պարզապես անհնար է եղել գրավել։

Ասվածը փաստում է նաև այն, որ Շուշի քաղաքը 2020 թվականի նոյեմբերի 8-ից գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այնուամենայնիվ ադրբեջանցիները մեկ տարի շարունակ՝ մինչև տխրահռչակ «հաղթանակի ճանապարհի» (այդպես են անվանում ճանապարհն Ադրբեջանում (zafer yolu)) կառուցումը, քաղաք տանող ճանապարհ չունեին և Շուշի հասնելու համար ստիպված էին լինում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ օգտվել Շոշ կամ Կարմիր Շուկա գյուղերով անցնող ճանապարհներից։ Ռազմական գործի մեծ մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե կողմը, որը չունի վերահսկողություն քաղաք տանող ճանապարհներից որևէ մեկի նկատմամբ, չի կարող քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատել, եթե, իհարկե, այն պարզապես չի հանձնվում իրենց։

Ադրբեջանը պատերազմի ավարտից օրեր անց հայտարարեց Շուշի քաղաք տանող Վարանդա (Ֆիզուլի - խմբ.)-Շուշի ավտոճանապարհի շինարարության մասին, որը շահագործման հանձնվեց 2021 թվականի նոյեմբերին։

Եվս մեկ նմանություն. երկու պատերազմներն էլ ավարտվեցին Հայաստանի համար կապիտուլյացիոն համաձայնագրերի ստորագրմամբ, որոնցով մի դեպքում՝ Հայաստանը, մյուս դեպքում՝ Արցախը կորցրին իրենց վերահսկողությունը սեփական տարածքների գերակշիռ մեծամասնության նկատմամբ։

Ուշագրավ հարց է, թե ե՞րբ Թուրքիան, իսկ վերջին պատերազմի դեպքում՝ Ադրբեջանը, ունենալով, իհարկե, Թուրքիայի աջակցությունը, համարձակվեցին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ 1920 թվականի պատերազմի դեպքում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը դեռևս 1919 թվականի վերջին և 1920 թվականի սկզբին էր թուրք զորահրամանատար Քյազըմ Քարաբեքիրին հրամայել Հայաստանի դեմ պատերազմի պատրաստվել, սակայն Քարաբեքիրը, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, հրաժարվում է հրամանը կատարելուց և առաջարկում է սպասել ավելի լավ պայմանների։ 1920 թվականի մայիսին Քարաբեքիրը հանգում է եզրակացության, որ արդեն պատերազմ սկսելու ժամանակն է, սակայն այս անգամ էլ դեմ է լինում Մուսթաֆա Քեմալը, քանի որ վերջինս նամակագրական կապ էր հաստատել Ռուսաստանում իշխանության եկած բոլշևիկյան առաջնորդների հետ՝ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ՝ նրանց առաջարկելով համատեղ գործողություններ սկսել Հայաստանի դեմ, և սպասում էր պատասխանի: Հայ-թուրքական պատերազմի մեկնարկը արագացրեց նաև 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանն Օսմանյան կայսրությունից ստանալու էր 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ելք դեպի Սև ծով։ Հայաստանը ստեղծված իրավիճակում չէր գիտակցում պետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների լրջությունը և օգնություն էր ակնկալում իր եվրոպական «դաշնակիցներից»։ Մի շարք փաստագրական տվյալներ կան, որ այդ ժամանակաշրջանում Մուսթաֆա Քեմալի վարչակազմը Հայաստանին առաջարկել է Սևրի պայմանագրից մի փոքր ավելի վատ պայմաններով համաձայնություն, սակայն դրա պայմանները մի քանի անգամ ավելի բարենպաստ էին, քան Հայաստանի ներկայիս տարածքն է և ավելին։

Իրավիճակը նման էր նաև 2020 թվականի ընթացքում և հատկապես աշնանը. նախ 2018 թվականից հետո, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, արտաքին քաղաքականությունում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում, թույլ տրվեցին մի շարք սխալներ, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեցան իրավիճակի փոփոխության գործում։ Նման անհեռատես քայլերից մեկն այն էր, որ երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին այցելեց Հայաստան, նրան օդանավակայանում չդիմավորեց ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ էլ նույնիսկ նախագահը՝ որպես պաշտոնակից։ Ավելին՝ նախագահական նստավայրում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունների ղեկավարներին դիմավորեց նախագահական նստավայրի բակում՝ մուտքի մոտ, իսկ Ռուսաստանի նախագահի դեպքում նույնիսկ դա չեղավ, և նրանց ձեռքսեղմումը տեղի ունեցավ միայն նախագահական նստավայրի ներսում։ Հայաստանի իշխանությունների այդօրինակ քայլը հասարակության որոշ՝ անգիտակից շրջանակների, ինչպես նաև ոչ իրական օգտատերերի և լրատվական-յութուբյան ալիքների կողմից մեկնաբանվեց որպես Հայաստանի ինքնիշխանության բարձրացում։ Անշուշտ նման կարգի «ինքնիշխանության բարձրացման» համար Հայաստանը ստիպված էր շատ մեծ գին վճարել։ Նկատենք, որ 2022 թվականի նոյեմբերին, երբ Ռուսաստանի նախագահը կրկին ժամանեց Հայաստան, այդ ժամանակ նրան դիմավորեց անձամբ Հայաստանի վարչապետը։

Նման քայլը միանշանակ չէր կարող վրիպել պաշտոնական Կրեմլի ուշադրությունից և իր ազդեցությունը չունենալ։ Սակայն այդպիսի պայմաններում ևս Ռուաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, պատերազմի ընթացքում հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, որոնցից մեկի մասին էլ հայտարարեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով՝ ինքը հոկտեմբերի 19-20-ին կարողացել էր համոզել Ադրբեջանի նախագահին, որպեսզի վերջինս դադարեցնի ռազմական գործողությունները, և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ողջ տարածքը, այդ թվում՝ Շուշի քաղաքը, մնար հայկական վերահսկողության տակ։ Շուշի քաղաքի դեպքում պետք է այնտեղ վերադառնային ադրբեջանցի փախստականները, ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես սպառնալիք, իսկ ավելի ուշ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, մանիպուլացվել՝ իբրև թե Շուշի քաղաքն այդ դեպքում ունենալու էր 96 տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Հատկանշական է, որ հայկական վերահսկողության և ռուս խաղաղապահների առկայության դեպքում վերադարձող ադրբեջանցիների թիվը բարձր չէր լինելու կամ առհասարակ չէր լինելու, ինչը փաստում են նաև ներկայումս Ադրբեջանում անցկացվող հարցումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանի բնակչությունն այնքան էլ խանդավառված չէ օկուպացված տարածքներում բնակվելու հեռանկարով։

Եվ քանի որ վերջին շրջանում որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների նշանակության վրա, ինչպես նաև շեշտվում է ռազմավարական այլ դաշնակից փնտրելու անհրաժեշտությունը, հարկ ենք համարում մեջբերել թուրք զորահրամանատար Քյազըմ Քարաբեքիրի խոսքերը, որը Թուրքիայում ստացել է «արևելքի նվաճող», իսկ ավելի կոնկրետ՝ «Հայաստանի նվաճող» անվանումը։ Նա իր հետագա հուշերում ասել է, որ Թուրքիան համարձակվեց Հայաստանի նկատմամբ պատերազմ սկսել այն ժամանակ, երբ համոզված էր, որ դա Ռուսաստանի համար միևնույն է, և վերջինս չի միջամտի իրադարձությունների զարգացմանը։

 

Add new comment