Սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն խանգարի Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը. Վոլոդին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ են զարգանում, և ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումները պետք է ապահովվեն օրենսդրական ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ Վոլոդինը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և փոխըմբռնման հասնելու լավագույն օրինակն ամենաբարձր մակարդակով ցույց են տալիս երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին։
Վոլոդինի խոսքով՝ Պետդումայի և Իրանի խորհրդարանի միջև հանձնաժողովը թույլ կտա լուծել այն հարցերը, որոնք ակնկալում են երկու երկրների քաղաքացիները։
«Ռուսաստանն ու Իրանն այսօր հաջողությամբ դիմադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բլոկի միջազգային ընդլայնմանը: Դա հաստատում է մեր երկրների նկատմամբ պատժամիջոցների աննախադեպ ճնշումը։ Սա, ըստ էության, աննախադեպ է մեր հարաբերություններում, քանի որ դրանք ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները»,- ասել է Վոլոդինը։
Վերջինս նշել է, որ Ռուսաստանը և Իրանը միասին պաշտպանում են ինքնիշխան իրավահավասարության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները: Նրա խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը հանդես են գալիս բազմաբևեռության և արդար աշխարհակարգի օգտին՝ ի շահ երկու ժողովուրդների:
Վոլոդինը հավելել է, որ Վաշինգտոնն այսպիսով փորձում է կասեցնել Ռուսաստանի և Իրանի զարգացումը։ Նա մանրամասնել է, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման, և երկու երկրները երբեք չեն ենթարկվի դրսի թելադրանքին։
«Վաշինգտոնը և նրա արբանյակներն այս կերպ ցանկանում են կասեցնել մեր պետությունների զարգացումը, միջամտել ներքին գործերին, տարածել ապատեղեկություն։ Մենք դա տեսանք դրսից պատրաստված դեմարշի օրինակով՝ կապված անցյալ տարի Իրանում տեղի ունեցած ցույցի հետ»,- ասել է նա։
Add new comment