Սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. ԱԳ նախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 5-ին ԱԺ-ում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Բայց կա հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրագայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որ քարտեզով՝ պայմանավորվածություն չկա»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա հավելել է՝ որքանով իրեն է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ. «Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները միջազգային ողջ հանրության և ՀՀ-ի կողմից։ Մենք կարծում ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը 1975 թվականի քարտեզով ճանաչելը և դելիմիտացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելն ընդունելի լուծում է ՀՀ-ի համար»։
Նա նշել է, որ ըստ իրենց պատկերացման` սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որոնք իրավականորեն ամենաանխոցելին են։
Արտգործնախարարը հավելել է, որ իրեն հայտնի հանդիպումների արդյունքներով` Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։
Add new comment