Submitted by D.Guyumjyan on
DETQ

Բաքվում Իրանի դեսպանը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Թեհրանում և Բաքվում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման հարցը:

Թեհրանը և Բաքուն բազմիցս ընդգծել են երկու երկրների պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ հանդիպումը կայացել է Ադրբեջանում Իրանի դեսպանի և այդ երկրի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից մոտ երկու ամիս անց, որի ընթացքում քննարկվել էին երկու երկրների միջև առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները։ Երկու երկրների միջև թյուրիմացությունները լուծելու և հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունն ընդգծել են նաև երկու երկրների արտգործնախարարները, որոնք վերջին շրջանում երեք հեռախոսազրույց են ունեցել։

#Դետքի_հետագծով

Չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը՝ պաշտոնական Թեհրանը փորձում է ամեն կերպ վերահսկել այդ լարվածությունը։

Իրանին մտահոգում են Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա համագործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանները փոխելու Բաքվի սպառնալիքները: Թեհրանը բազմիցս զգուշացրել է Բաքվին, որ չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհագրական սահմանները փոխելու որևէ փորձ։

Add new comment