Submitted by D.Guyumjyan on
DETQ

Թեհրանը ձգտում է Անկարայի հետ սերտ համագործակցության և կապերի ընդլայնման. Աբդոլլահիանը՝ Ֆիդանին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել՝ թուրք-իրանական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար։

Աբդոլլահիանը Ֆիդանին հրավիրել է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վերջինս հույս է հայտնել, որ երկու երկրների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման նոր շրջանում։

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է տարածաշրջանային խնդիրների շուրջ Թեհրանի և Անկարայի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտելով տարածաշրջանային մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։

Հաքան Ֆիդանը, իր հերթին, նշել է, որ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը պետք է շարունակվի երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում։ Նա հավելել է, որ կանի հնարավորը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

#Դետքի_հետագծով

Իրանը և Թուրքիան ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնցից ելնելով՝ երկու երկրները մշտապես համագործակցում են միմյանց հետ։ Այս համատեքստում Հաքան Ֆիդանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակումից հետո երկկողմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն, քանի որ վերջինս կողմնակից է հարևան և տարածաշրջանային պետությունների հետ փոխգործակցության ամրապնդմանը։

 

 

 

 

 

 

Add new comment