Իրանը հայտնել է Սաուդյան Արաբիայում իր դեսպանատան վերաբացման մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հունիսի 6-ին կվերաբացվի Իրանի դեսպանատունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտվելուն պես հունիսի 6-ին և հունիսի 7-ին Էր Ռիադում պաշտոնապես կբացվեն Իրանի դեսպանատունը, Ջիդայում գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունը»,- ասել է նա։
Դեսպանատան բացման արարողությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթիի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել էին 2016 թվականին, երբ ցուցարարները հարձակվել էին Թեհրանում թագավորության դեսպանատան և Մաշհադում հյուպատոսարանի վրա: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամալան Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան այս տարվա մարտին Չինաստանի միջնորդությամբ վերականգնեցին երկկողմ հարաբերությունները, որի շրջանակում համաձայնության եկան երկու ամսում դեսպանատները վերաբացելու շուրջ։ Սա Չինաստանի կողմից չափազանց կարևոր նախաձեռնություն էր, որն ուղղված էր տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության թուլացմանը։
Add new comment