ԻՀՊԿ-ն ձեռք է բերել բարձր տեխնոլոգիաներ բոլոր տեսակի պաշտպանական համակարգերի համար. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է՝ Իրանն այսօր հասել է գիտելիքի և տեխնոլոգիաների դիվերսիֆիկացման և տարբեր ոլորտների բոլոր տեսակի համակարգերի զարգացման: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Սալամին մասնակցել է իրանական արտադրության նոր գերձայնային «Ֆաթթահ» հրթիռի շնորհանդեսին։
Նրա խոսքով՝ հրթիռն ունի գերազանց մանևրելու ունակություն, ռադիոտեղորոշիչ համակարգերի համար անտեսանելի լինելու և ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրսում մանևրելու ունակություն։
Սալամին շեշտել է, որ Իրանում գոյություն ունեցող տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման մասին վկայող լուրջ փաստ են այն հսկայական հաջողություններն ու թռիչքները, որոնք իրականացվում են առաջադեմ տեխնոլոգիաների, մասնավորապես պաշտպանական արտադրանքի, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Նա նշել է, որ սպառազինությունն արտադրվում է Իրանում, որի համար օգտագործվում են արհեստական ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիաները և տեխնիկական բոլոր հնարավորությունները:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շարքում կարևոր տեղ ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի ԻՀՊԿ-ի համար ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, որի ուղղությամբ երկրի իշխանությունները մշտապես քայլեր են ձեռնարկում։
Add new comment