Թուրքիայի ռազմաօդային ուժեր (մաս 1)
Ռազմաօդային ուժերը ժամանակակից Թուրքիայի զինված ուժերի գործառույթների մեջ առանցքային տեղ են զբաղեցնում, համալրված են հիմնականում ամերիկյան արտադրության տեխնիկայով և սարքավորումներով։ Թուրքական հրամանատարությունը մշտապես կարևորել է ավիացիայի դերակատարությունը, որը բավականին շոշափելի է եղել։ Հարկ է նշել, որ զինված ուժերի համալիր արդիականացման շրջանակում ներդրումների զգալի մասը բաժին է հասնում ռազմական ավիացիային:
Ռազմաօդային ուժերում իրականացված արդիականացման շրջանակում մեծամասամբ կատարվել են սպառազինման ծրագրեր, մինչդեռ անձնակազմի թվաքանակը 1990-ական թթ. սկզբի համեմատությամբ գրեթե չի փոխվել: Դեռ 1980-ական թթ. վերջի և 1990-ական թթ. սկզբի դրությամբ ՌՕՈՒ-ի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում էր թարմացնել օդային ուժերն ու դրանք համալրել արդիական սպառազինությամբ:
Թուրքիայի օդուժի արդիականացման հիմնական գործընթացը մեկնարկեց 1980-ական թթ. վերջերից Թուրքիայում ամերիկյան «F-16» ինքնաթիռների արտադրման և հավաքման գործընթացով, որի որոշումը կայացվել էր դեռ 1983 թ.: Թուրքական գործարաններում ամերիկյան ռազմական ինքնաթիռների հավաքման գործընթացը սկսվեց ԱՄՆ-ի աջակցությամբ ու երկկողմ ռազմական պայմանագրերի շրջանակում, ինչն ամերիկյան կողմին հնարավորություն էր տալիս ավելի շահավետ պայմաններով իրականացնելու ինքնաթիռների հավաքումն ու վաճառքը մերձավորարևելյան մի շարք երկրներ: Հիմնական աշխատանքները սկսվել են 1987 թ. «TUSAŞ» ընկերության՝ Անկարայի և TEI ընկերության՝ Էսքիշեհիրում գտնվող գործարաններում։
Թուրքիայի ՌՕՈՒ-ի հրամանատարության 1994 թ. օգոստոսի հաղորդագրության մեջ նշված էր, որ իր առջև դրված խնդիրները լուծելու և առաքելությունն իրականացնելու համար Թուրքիայի ռազմաօդային ուժերը պետք է միշտ զգոնության բարձր մակարդակի վրա լինեն, նոր հեռանկարներ փնտրեն, վերացվեն թերությունները: Այդ իսկ նպատակով շարունակվել և շարունակվում են արդիականացման ծրագրերը:
Թուրքիան իր ՌՕՈՒ-ի համար որպես հիմնական միջոց ընտրեց «F-16» ռազմական ինքնաթիռը, որոնցով էլ 1990-ականներին համալրվեց օդուժը: 1994 թ. դեկտեմբերի դրությամբ ՌՕՈՒ-ն համալրվել է շուրջ 160 միավոր «F-16 Block» 30/40 դասի ռազմական ինքնաթիռներով, իսկ 1996 թ. կեսերից նախատեսված էին ևս 80 միավորի մատակարարումները:
1990 թ. Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության դեմ օգտագործելու համար Ամերիկայից ձեռք բերեց շուրջ 5 միավոր «Bell AH-1 Sea Cobra» գերժամանակակից ռազմական ուղղաթիռներ։
1990-ականների առաջին կեսին թուրքական բանակը համալրվեց նաև 45 միավոր ամերիկյան «UH-60Q Dustoff Hawk» ռազմական ուղղաթիռներով: Հետագա տարիներին էլ Թուրքիան քայլեր էր ձեռնարկում ամերիկյան «Sikorsky» ընկերությունից 50 միավոր «UH-60Q Dustoff Hawk» ռազմական և 8 միավոր «CH-53 Super Stallion» տրանսպորտային ուղղաթիռների ձեռքբերման ուղղությամբ: Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում էր 750 մլն դոլար: Թուրքական «Սաբահ» թերթն այդ կապակցությամբ գրեց, որ գործարքի իրագործման դեպքում Թուրքիան կվերածվի տարածաշրջանում ամենամեծ ուղղաթիռային պարկ ունեցող երկրի և ի վիճակի կլինի մեկ գիշերվա ընթացքում անհրաժեշտ շրջան ուղարկելու մոտ 100 հազար զինծառայող: 1999-2002 թթ. թուրքական բանակը համալրվեց 50 «Sikorsky UH-60 Black Hawk» ռազմական ուղղաթիռով:
Ելնելով ամերիկյան ընկերությունների ներդրումների առումով Թուրքիայի համար նպաստավոր պայմաններից՝ Թուրք-ամերիկյան խորհրդի վարչական խորհրդի նախագահը 2005 թ. հոկտեմբերին հայտարարեց, որ ցանկանում են Թուրքիան դարձնել ամերիկյան «Sikorsky» ընկերության ուղղաթիռները տարածաշրջանի երկրներին վաճառելու կենտրոն։
Ավելի ուշ թուրքական բանակի համար սպառազինության ձեռքբերման առաջնային նախագծերի շարքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը շուրջ 50 ռազմական ուղղաթիռի ձեռքբերման նոր մրցույթ հայտարարեց, որին արդեն մասնակցում էին ռուսական, հարավաֆրիկյան, իտալական և ֆրանս-գերմանական ընկերությունները: Երկար ձգձգումներից հետո ֆրանս-գերմանական համատեղ «EADS Eurocopter Tiger»-ը և ռուսական «Ka-50-2»-ը դուրս մնացին մրցույթից: Հարկ է նշել, որ դեռ 1990-ական թթ. սկզբին Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, առաջիններից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն հաստատեց Ռուսաստանի հետ՝ վերջինից ձեռք բերելով «Ми-8», «Ми-17» ռազմական տրանսպորտային ուղղաթիռներ, մարտական մեքենաներ ու այլ սպառազինություն:
«ATAK» նախագծի իրականացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվեց 2008 թվականին: Նախապատվությունը տրվեց իտալական «AgustaWestland» ընկերությանը, որի հետ կնքված պայմանագրով նախատեսվում էր Թուրքիայում սկսել 50 միավոր «T-129» ռազմական ուղղաթիռների արտադրությունը, որի գործում որպես հիմնական կապալառու էր ընտրվել թուրքական «TUSAŞ» ընկերությունը: Նախագծի արժեքը կազմում էր 1 մլրդ եվրո: Արտադրական գործընթացում մասնաբաժին էին ունենալու նաև թուրքական ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններ, ինչպես, օրինակ, «ASELSAN»-ը՝ ծրագրային ապահովման ու տարբեր սարքավորումների արտադրության և «ROKETSAN»-ը՝ հրթիռային միջոցներով համալրելու գործում: Իտալական ընկերությունը թուրքական արտադրողներին տեխնոլոգիաներով ու անհրաժեշտ գիտատեխնիկական բազայով էր ապահովելու: «T-129» ռազմական ուղղաթիռների արտադրության ու արտահանման իրավասությունները, ինչպես նաև սեփականության իրավունքը պատկանում էին Թուրքիային: Իտալական ընկերությունը նույնիսկ տարածաշրջանային կենտրոն հիմնեց Թուրքիայում՝ շուրջ 20 ինժեների մշտական աշխատանքային ներգրավվածությամբ։
Որպես առաջին քայլ՝ 50 միավոր ուղղաթիռի արտադրությունից հետո նախատեսված էր սկսել արդեն ավելի մեծ խմբաքանակի արտադրություն՝ հետագայում իրականացնելով նաև դրանց արտահանումը՝ Թուրքիան դարձնելով ռազմական ուղղաթիռների արտադրության տարածաշրջանային կենտրոն: Ըստ իտալացի մասնագետների՝ հետագա 10 տարիների ընթացքում նախագծի հաջող ընթացքի պարագայում Թուրքիան կարող է համաշխարհային շուկայում ռազմական տեխնիկայի արտահանման զգալի դերակատարություն ստանձնել: 2013 թ. Թուրքիայում ավարտվեց «T-129» ուղղաթիռի փորձարկումների վերջին փուլը, և նախատեսվում է, որ արդեն մինչև տարեվերջ ՌՕՈՒ-ին կմատակարարվի մի քանի միավոր տեխնիկա:
Add new comment