Թուրքիան և Իրանն ընդգծել են երկկողմ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Գյուլերին Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա Թուրքիան բնութագրել է որպես Իրանի ռազմավարական բարեկամ և նշել, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանների առկայությունն ավելի անհրաժեշտ է դարձնում համատեղ համագործակցության շարունակականությունը։
Բաղերին միևնույն ժամանակ Գյուլերին հրավիրել է այցելել Թեհրան։
Բաղերին ու Գյուլերը քննարկել են նաև տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների և փոխադարձ զորավարժությունների անցկացման հարցը։
Գյուլերն իր հերթին ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը խորացնելու անհրաժեշտությունը։ Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ վերջին ավերիչ երկրաշարժերի ժամանակ Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
#Դետքի_հետագծով
Իրանը և Թուրքիան ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնցից ելնելով՝ երկու երկրները մշտապես համագործակցում են միմյանց հետ։ Այս համատեքստում երկու երկրները կարևորում են նաև ռազմական փոխգործակցության խորացումը, և երկու երկրների իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։
Add new comment