Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Կատարի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամադ Բին Աբդուլռահման Բին Ջասիմ ալ Թանիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Աբդոլլահիանն անդրադարձել է երկկողմ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը։ Իրանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Թեհրանի և Դոհայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ու հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր:
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններում Կատարի կառավարության դրական դերի ու կառուցողական ջանքերի համար։ Վերջինս միևնույն ժամանակ իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել երկկողմ և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Կատարի արտգործնախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների մակարդակի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ գործադրվող ջանքերն ու առկա առաջընթացը։
#Դետքի_հետագծով
Իրանը և Կատարը Նավթ արտահանող երկրների կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ի տարբերություն այս կազմակերպությունների մյուս անդամ երկու երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Կատարն ընդհանուր առմամբ զերծ է մնում Իրանի ներքին և արտաքին գործերին միջամտելուց և քննադատելուց։
Կատարը նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել իրանցի պաշտոնյաների հետ, որոնց ժամանակ կնքվել են անվտանգությանն ու տնտեսությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր։
Add new comment