«ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար». Բաքուն հայտարարություն է տարածել
«ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
Նշելով, թե «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»։
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկը քննարկելիս առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն»,- ասված է հայտարարությունում։
Ըստ Բաքվի` EUMA-ի տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։
Add new comment