Submitted by H.Andreasyan on
Բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի․ պաշտպանության փոխնախարար

Բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի․ պաշտպանության փոխնախարար

Սրանից 30 րոպե առաջվա դրությամբ և այս պահին ևս իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին որևէ զինատեսակից կրակոցներ չկան: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից կատարվող գործողություններին:

«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և որպես կանոն, դրան հաջորդում է որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել։ Թե թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, կամ գործարանը, կամ ինչ-որ տեխնիկա, և դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, կպարզվի հետագայում, որի վերաբերյալ լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք»,-ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք սրանով Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի համար հող է նախապատրաստում, Սարգսյանը նշել է. «Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին և բացասական հետևանքներ է առաջացնում և վնասում այդ գործընթացին, դա ակներև է: Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:

Հարցին, թե արդյո՞ք Երասխում ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցել են, փոխնախարարը պատասխանել է. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել»:

«Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումն ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունեն»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ն և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են․ «Մենք անընդհատ տեղեկություն տրամադրում ենք, տեղեկության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը։ Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք: Այլ մանրամասների չեմ տիրապետում»։

Բանակի՝ ադրբեջանական գործողություններին պատրաստ լինելու վերաբերյալ պաշտոնյան ասել է. «Բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»:

Այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետաղագործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Երասխում վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը միջին ծանրության է:

Երասխում կառուցվող գործարանի և քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:

Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: 

Հունիսի 13-ին Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:

 

 

Add new comment