Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն ըստ էության շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում: Հունիսի 16-ին Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում»,- հայտարարել է նա։

Ըստ Փաշինյանի՝ արդեն խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողություների մեկնարկի. «Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը: Արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիենրը թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:

Նա նշել է, թե այս իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով․ «Այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»։

Փաշինյանը ասել է, թե շարունակում են կարծել, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմնի շրջանակներում չափազանց կարևոր է, ու պետք է  հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն․ «Միևնույն ժամանակ որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»։

 

Add new comment