Իրանցի փորձագետը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ իր կապը
Իրանցի փորձագետ, SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ալիխանին ասել է իրանական «ParsToday» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Փորձագետն ընդգծել է, որ նման իրավիճակում հայերը պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան՝ Իրան այցելելու համար։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հարավում Իրանի հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի Իրանի հարևանը լինելուց։
Փորձագետը հիշեցրել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի ամենակարճ ցամաքային սահմանը, որը կազմում է 38 կիլոմետր։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայ-իրանական սահմանն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և մեծ նշանակություն ունի։
«Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»,- զգուշացրել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի համար չափազանց մեծ նշանակություն ունի հայ-իրանական սահմանի անվտանգությունը, ուստի Թեհրանը որևէ կերպ չի կարող թույլ տալ, որ այն անցնի իր թշնամիների վերահսկողության տակ։ Այս համատեքստում իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ դեմ է որևէ միջանցքի գործարկմանը, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Add new comment