Իրանը հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում խոչընդոտներ չունի. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Իրանը որևէ խոչընդոտ չունի հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Թեհրանում Ուզբեկստանի նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Ռայիսին շեշտել է, որ Իրան-Ուզբեկստան հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից և ավելի ուժեղ կդարձնի երկու երկրներին: Իրանի նախագահի խոսքով՝ Ուզբեկստանի նախագահի այցը Թեհրան երկրների հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր քայլ է։
Վերջինս նաև նշել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ձեռք բերված համաձայնությունների իրագործման ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ Ըստ Ռայիսիի՝ Իրանի ներկայությունը Տաշքենդի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում վկայում է Ուզբեկստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու Թեհրանի վճռականության մասին:
Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանը սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածել է առաջընթացի հնարավորության։
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևն իր հերթին ասել է, որ առաջընթացի ճանապարհին Ուզբեկստանն ունի Իրանի հաջող փորձի կարիքը: Նա նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ գիտության, տեխնոլոգիայի, տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է իսլամադավան պետությունների հետ հարաբերությունների խորացումը։ Այս համատեքստում Թեհրանն ամրապնդում է իր համագործակցությունը Միջին Ասիայի պետությունների, այդ թվում՝ Ուզբեկստանի հետ, որի հետ ունի բազմաթիվ հետաքրքրություններ։
Add new comment