Ադրբեջանում պահպանվում են Հայաստանի դեմ թշնամական նարատիվները. ECRI
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ - ECRI) ահազանգում է Ադրբեջանում հայերի դեմ ատելության, թշնամական խոսքի առկայության, տարածվածության մասին։
Հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական վերաբերմունք կա հայերի դեմ: ՌԱԵՀ-ը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի օգտագործում է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցից և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:
«Երբ խոսքը վերաբերում է ատելության խոսքին հակազդելուն, ECRI-ն կիսում է միջազգային այլ կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները հանրության մեջ ատելության խոսքի օգտագործման վերաբերյալ, որը տարածում է ռասիստական կարծրատիպերը և հավերժացնում թշնամանքը»,- նշված է զեկույցում։
Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանում պահպանվում են Հայաստանի դեմ թշնամական նարատիվները, որի արմատները ԼՂ հակամարտության համատեքստում են․ «Քաղաքական գործիչները, այդ թվում՝ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողները, նաև հասարակական գործիչներ, իրենց հրապարակային հայտարարություններում օգտագործել են ատելություն պարունակող, գրգռիչ հռետորաբանություն, դրանք լայնորեն տարածել են նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում»։
Ընդհանրապես Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովն արձանագրել է Ադրբեջանում առաջընթաց՝ ընդգծելով, սակայն պետք է պայքարել բորբոքային հռետորաբանության և ատելության խոսքի դեմ։
Add new comment