Բլինքեն

Ինչո՞ւ Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել ռազմական կապերը վերականգնելու հարցում

«The Associated Press»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է այցը Պեկին, որի ընթացքում նա և նախագահ Սի Ցզինպինը խոստացել են կայունացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները: Սակայն Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի ամենամեծ առաջարկը՝ վերականգնել ռազմական կապերը:

Բլինքենը հայտնել է, որ նա շարունակաբար բարձրացրել է ռազմական հաղորդակցման հարցը, բայց Չինաստանը կտրուկ մերժել է։ «Շատ կարևոր է վերահաստատել հարաբերություններն այս ոլորտում»,- ասել է նա ու հավելել, որ սա այն հարցն է, որի շուրջ ԱՄՆ-ն երկար աշխատանքներ ունի տանելու։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նախագահ Ջո Բայդենը վերջին մի քանի ամսվա ընթացքում հաճախ կոչ են արել Չինաստանին վերականգնել ռազմական կապի ուղիներն ԱՄՆ-ի հետ:

 

Ինչո՞ւ է Չինաստանը դադարեցրել ռազմական հաղորդակցությունը

 

Չինաստանը դադարեցրել է կանոնավոր շփումներն ամերիկյան բանակի հետ անցյալ օգոստոսին՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Թայվան՝ վիճարկելով Պեկինի սկզբունքը, որ մյուս երկրները պետք է ձեռնպահ մնան պաշտոնական փոխանակումներից ինքնավար Թայվանի հետ, որը Չինաստանը համարում է իր սեփական տարածքը:

Բայց այդ խնդիրը կար մինչև Փելոսիի մեկնելը։ ԱՄՆ-ն պնդում է, որ 2021 թ․ ի վեր Չինաստանը մերժել կամ չի կարողացել պատասխանել ՊՆ-ի՝ բարձր մակարդակի երկխոսությունների վերաբերյալ հազարավոր հարցումներին։

 

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ցանկանում վերականգնել ռազմական կապերը

 

ԱՄՆ-ն և մյուս երկրները վախենում են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականների մասնակցությամբ հնարավոր բախումը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Վերջին ամիսներին, երբ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը սրվել է մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարածքի վրա չինական լրտես-օդապարիկի կասկածանքը, տեղի է ունեցել Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմական նավերի  և ինքնաթիռների մի քանի հավանական «հանդիպում»:

Հունիսի սկզբին չինական ռազմանավը Թայվանի նեղուցում անսպասելիորեն կտրել է ամերիկյան կործանիչի դիմացը՝ ստիպելով դանդաղեցնել արագությունը՝ հարվածից խուսափելու համար: Օրեր առաջ չինական կործանիչն ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռի առջև թռել էր Հարավչինական ծովի վրայով՝ մի զորաշարժով, որն ԱՄՆ-ն որակել է որպես «անհարկի ագրեսիվ»:

Վաշինգտոնը ցանկանում է խուսափել այնպիսի միջադեպից, ինչպիսին, օրինակ, 2001 թվականինն է, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը և չինական կալանիչ ինքնաթիռը չինական Հայնան կղզու մոտ օդում բախվեցին, ինչը հանգեցրեց չինացի օդաչուի մահվանը, իսկ ամերիկյան օդանավը հարկադրված էր արտակարգ վայրէջք կատարել Հայնան առանց չինական կողմի  հաստատման։ «Ամերիկյան կողմի համար ամենակարևորը նման դժբախտ պատահարներից խուսափելն է»,- ասել է Սինգապուրի ազգային համալսարանում Չինաստանի ռազմական քաղաքականությունն ուսումնասիրող ավագ գիտաշխատող Լի Նանը։

Add new comment