Ուկրաինան իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար դիմել է Իսրայելին

Ուկրաինան իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար դիմել է Իսրայելին

Իսրայելը պետք է փոխի իր դիրքորոշումն Ուկրաինային ռազմական օգնության հարցում և տեխնոլոգիաներ տրամադրի իրանական «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:

Այս մասին «The Times of Israel»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Իսրայելից բացի՝ ոչ ոք չի կարող սարքավորումներ տրամադրել Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին դիմակայելու համար»,- ասել է պաշտոնյան։

Նա նշել է, որ հիասթափված է Ուկրաինային ռազմական օգնության հարցում վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումից։ Երմակը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իսրայելի թշնամի Իրանի միջև զենքի գործարքները պետք է խրախուսեն Իսրայելին սկսել մատակարարումներն Ուկրաինա:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Կրեմլի բռնապետն ընտանեկան լուսանկարներ անում իրանցի առաջնորդների հետ, իսկ հետո այդ իրանական զենքերն օգտագործվում են մեր և ձեր դեմ։ Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ է պետք»,- հավելել է Երմակը: Նա ընդգծել է, որ չի կարողանում հասկանալ իսրայելցի պաշտոնյաների դիրքորոշումը, որոնք չեն ճանաչում Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր թշնամուն՝ ի դեմս Իրանի։

Add new comment