Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտնել է, որ Արաքս գետն աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտնել է, որ Արաքս գետն ամեն տարի ենթարկվում է մշտադիտարկման, և նրանում Հայաստանի ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի հայտարարության համաձայն՝ Արաքս գետը վերջին անգամ ստուգվել է մոտ երեք ամիս առաջ։ Կենտրոնը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրություններ են իրականացվել, որի ընթացքում   ռադիոակտիվ նյութերով աղտոտման դեպք չի հայտնաբերվել։

«Հաշվի առնելով Արաքս գետի շրջակայքում բնակվող հայրենակիցների մտահոգությունները՝ երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը շեշտում է, որ Արաքս գետը տարին առնվազն մեկ անգամ ենթարկվում է մշտադիտարկման՝ ճառագայթային, ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ դեպքերի առումով, այդ տարածքում շուտով կտեղադրվեն առցանց մշտադիտարկման սարքեր»,- ասվում է հրապարակման մեջ։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուները և փորձագետներն ուշադրություն են հրավիրել այլ բանին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև ընկած հեռավորությունը շատ մեծ է, և անհնար է, որ ատոմակայանից ռադիոակտիվ նյութերն ու կեղտաջրերը հոսեն դեպի Արաքս գետ։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմի այս հայտարարությունները նախևառաջ ուղղված են Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը վերջին շրջանում անհիմն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Մեծամորի ԱԷԿ-ն աղտոտում է Արաքս գետը, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանին։ Ադրբեջանը նման կերպ փորձում է նաև քարոզչական հիմք ստեղծել, որով կօրինականացնի Հայաստանի դեմ նախապատրաստվող նոր ագրեսիան։

Add new comment