Աֆրիկան ահաբեկչության թեժ կետն է աշխարհում․ հակաահաբեկչության փորձագետներ
ՄԱԿ-ի հակաահաբեկչության փորձագետները հայտարարել են, որ Աֆրիկան այժմ ահաբեկչության ամենաթեժ կետն է աշխարհում․ չնայած «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» (ԻՊ) մասնաճյուղերը շարունակում են տարածված և ակտիվ մնալ աշխարհի այլ վայրերում, ահաբեկչության զոհերի կեսն անցյալ տարի սպանվել է հենց ենթասահարյան շրջանում։ Այս մասին «Դետքը» տեղեկանում է «MilitaryTimes»-ից։
Ինտերպոլը՝ քրեական ոստիկանության միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ում պանելային քննարկման ժամանակ նաև հայտնել է, որ ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսության հետ կապված՝ ահաբեկչությունը վերջին տասնամյակում մոտ 50 անգամ աճել է, մասնավորապես Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ հատվածներում։
Փորձագետներն այլ միտումներ են տեսնում. համաշխարհային անվտանգության վատթարացումն ահաբեկչության սպառնալիքը դարձնում է «ավելի բարդ և ապակենտրոնացված»: Ծայրահեղականներն ավելի ու ավելի շատ են օգտագործում բարդ տեխնոլոգիաներ, իսկ անօդաչու սարքերն ու արհեստական բանականությունը նոր ուղիներ են բացել հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար:
Միավորված ազգերի կազմակերպությունն այս շաբաթ հյուրընկալում է ահաբեկչության դեմ պայքարի գործակալությունների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի համաժողովը: Երեքշաբթի կայացած և ի հայտ եկած ահաբեկչական միտումներն ու սպառնալիքները գնահատող ժողովին հավաքվել են փորձագետներ ՄԱԿ-ից, Ինտերպոլից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կատարից, նրանց միացել է նաև «Google»-ի ռազմավարական հետախուզության ավագ մենեջերը:
Շաբաթվա ընդհանուր թեման ահաբեկչության դեմ պայքարն է միջազգային ակտիվ համագործակցության միջոցով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի բացման նիստի ժամանակ ասել է, որ կարևորը ոչ միայն հարձակումները կանխելու դեմ միավորվելն է, այլև ահաբեկչության կանխարգելման վրա կենտրոնանալը՝ պայքարելով աղքատության, խտրականության, անբավարար ենթակառուցվածքների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և այլ պատճառների վերացման համար:
«Մայրցամաքում գործող ակտիվ խմբավորումների թվի մեծ աճով Աֆրիկան ճանաչվել է ահաբեկչության առանցքային մարտադաշտ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խալեդ Խիարին՝ նշելով, որ տեղական քաղաքական, տնտեսական և սոցիալական «ճեղքերը», ծակոտկեն սահմանները և «ինքնության վրա հիմնված մոբիլիզացիան» նպաստել են «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետություն» խմբավորման առաջացմանը:
Մայրցամաքի մի քանի շրջաններ՝ Բուրկինա Ֆասոն, Սահելին, ավելի լայն շրջաններ, ինչպիսիք են Չադը և Սուդան, դեռևս բախվում են Լիբիայից զենքի արտահոսքի և օտարերկրյա զինյալների հոսքի հետևանքներին, նշել է Խիարին:
Նավթով հարուստ Լիբիան քաոսի մեջ է հայտնվել ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո, որը 2011 թվականին տապալել և սպանել է երկարամյա բռնապետ Մուամար Կադաֆիին: Այն բանից հետո, երբ 2017 թվականին Իրաքում ԻՊ ինքնակոչ խալիֆայությունը պարտվել է, նրա օտարերկրյա զինյալներից շատերը փախել են հյուսիսաֆրիկյան երկիր:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրեն և հակաահաբեկչական ազգային կոմիտեի ղեկավար, գեներալ-գնդապետ Իգոր Սիրոտկինը հանդիպման ժամանակ ասել է․ «Արևմտյան Աֆրիկան, հատկապես Մաղրիբն ու Սահելը, դառնում է իսլամիստական ահաբեկչական սպառնալիքի էպիկենտրոնը. զինված ահաբեկչական խմբավորումներն ընդլայնում են իրենց ազդեցությունը, և մենք տեսնում ենք ԻՊ վերամիավորվելու վտանգը՝ որպես աֆրիկյան խալիֆայություն»:
Խիարին հավելել է, որ Մերձավոր Արևելքը նույնպես շարունակում է «հետցնցումներ» կրել Իրաքում, Սիրիայում և Եմենում պատերազմներից: Ըստ Ինտերպոլի հակաահաբեկչական հարցերով տնօրեն Գրեգորի Հինդսի՝ «Ալ-Կաիդան» և «Իսլամական պետության» հետ կապված խմբավորումները շարունակում են ոգեշնչել և իրականացնել հարձակումներ Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, «այժմ՝ Աֆրիկայում և Ասիայում՝ ահագնալի տեմպերով»:
Add new comment