Չինաստանի և Հարավային Կորեայի դրոշ

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների «փխրունացումը» դժվար թե էականորեն նվազեցնի լարվածությունը Սեուլի և Պեկինի միջև

Փորձագետների տեսակետը ներկայացրել է «WASHINGTON» թերթը։  

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև դադարեցված բանակցությունները վերսկսվել են, երբ շաբաթավերջին Վաշինգտոնը և Պեկինը պայմանավորվել են պահպանել բարձր մակարդակի հաղորդակցության ուղիները և կայունացնել հարաբերությունները, որոնք հասել էին ցածր կետի այն բանից հետո, երբ ենթադրյալ չինական լրտես-օդապարիկը թռել էր մայրցամաքային ԱՄՆ-ով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հունիսի 18-19-ին Պեկին կատարած իր այցն «առաջընթացի» առհավատչյան  է: Սակայն Սեուլ-ԱՄՆ սերտ համագործակցությունն ավելի թշնամական է դարձրել Պեկինի նախատրամադրվածությունն իր հարևանի նկատմամբ։

Հարավային Կորեայում Չինաստանի դեսպան Սինգ Հայմինը հունիսի 8-ին բացահայտ քննադատել է Սեուլին՝ ասելով, որ «սխալ խաղադրույքներ» կատարելն ԱՄՆ-Չինաստան մրցակցության մեջ «շատ դժվարություններ» կառաջացնի Հարավային Կորեայի համար։

Հարավային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չանգ Հո-Ջինը մեկ օր անց կանչել է Սինգին և խիստ դժգոհություն հայտնել նրա խոսքերի կապակցությամբ: «Հարավային Կորեայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ իր դիրքորոշումը Հարավային Կորեա-Չինաստան երկկողմ հարաբերությունների հարցում հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, և Չինաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ»,- երեքշաբթի հեռախոսային հարցազրույցի ժամանակ «Ամերիկայի Ձայնի» կորեական ծառայությանն ասել է ԱԳՆ խոսնակ Յունգ Հյոնգ Կվոնը։

Չորեքշաբթի Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ի կորեական ծառայությանը, որ Սեուլի մեկնաբանությունների ցանկացած պատասխան պետք է պահանջել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հունիսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «իմաստ չկա մեծ պատմություն դարձնել» Սինգի խոսքերը․ «Չինաստան-Հարավային Կորեա առողջ և կայուն հարաբերությունները ծառայում են երկու կողմերի ընդհանուր շահերին»:

 

«Վաղաժամ» հարաբերությունների բարելավման ակնկալիքներ

Դենիել Ռասելը, որն Օբամայի վարչակազմի օրոք ծառայում էր որպես պետքարտուղարի օգնական Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով, այս կապակցությամբ ասել է. «Վաղ է եզրակացնել, որ Բլինքենի այցը կհանգեցնի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացմանը, առավել ևս ազդեցություն կունենա ՀՎԿ-Չինաստան հարաբերությունների վրա»:

Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով պետքարտուղարի օգնական Դենիել Կրիտենբրինկը չորեքշաբթի այցելել է Սեուլ որպես պատվիրակության անդամ՝ բացատրելու Պեկինում Բլինքենի երկօրյա հանդիպումների իմաստը: Կրիտենբրինկը փոխարտգործնախարար Չոյ Յանգսամին ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է պահպանել բարձր մակարդակի հաղորդակցման ուղիները Չինաստանի հետ՝ կանխելու ցանկացած սխալ հաշվարկ, որը կհանգեցնի անցանկալի հակամարտության: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է շարունակել սերտ համագործակցությունն իր դաշնակիցների, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ՝ պաշտպանելու ազատ և բաց կանոնների վրա հիմնված միջազգային կարգը:

Հարավային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չանգ Հո-Ջինը, որը նաև հանդիպել է պետքարտուղարի օգնականի հետ, նշել է, որ Կրիտենբրինկի այցը Սեուլ վկայում է Վաշինգտոն-Սեուլ սերտ հարաբերությունների մասին:

Add new comment