Ադրբեջանի պայմաններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է. Ալիև
Իլհամ Ալիևը, հունիսի 23-ին ելույթ ունենալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Կոմանդո» զորամասերից մեկին մարտական դրոշի հանձնման արարողությանը, ևս մեկ անգամ հիշեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի պայմանների մասին:
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ալիևն ընդգծել է, որ խաղաղության համար կարևոր պայմաններից են «Զանգեզուրի միջանցքի» բացումը և հայկական բանակի զինված ուժերի դուրսբերումը Արցախի (խմբ.) շրջանից։
- Ադրբեջանի պայմաններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Սա մեր հիմնավորված պահանջն է: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ստիպված ենք եղել ցուցադրել մեր ուժը հայկական կողմին: Մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ եթե իրենք իրենց լավ չպահեն, իրենց ստորագրությունը չհարգեն, արդյունքն իրենց համար ցավալի կլինի։
- Ռազմավարական բարձունքներում գտնվելը մեզ ռազմավարական առավելություն է տալիս: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք զգալիորեն ուժեղացրել ենք մեր բանակը։ Եթե այս բոլոր գործոնները Հայաստանը և նրա հետևում կանգնած օտարերկրյա բարեկամները չեն հասկանում, ապա մեղքը նրանցն է:
- Ադրբեջանը նախընտրում է խնդրի լուծման խաղաղ ճանապարհը և չի շտապում դիմել ուժային մեթոդների։ Այդ պատճառով մենք դեռևս մեզ զուսպ ենք պահում։ Մենք երբեք շտապողականություն չենք ցուցաբերել, դրա անհրաժեշտությունը չկա։ Այսօր ուժն էլ է մեր կողմում, ժամանակն էլ ամրապնդում է մեր դիրքերը, և միջազգային իրավունքն է մեր կողմում։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս։ Մենք կարող ենք սպասել։ Մեկ անգամ էլ եմ ասում, մենք չենք շտապում:
- Ես ասացի, որ մենք երբեք թույլ չենք տա, որ մեր տարածքում ստեղծվի երկրորդ հայկական պետություն, և դա եղավ։ Մենք ասել ենք, որ թշնամուն վռնդելու ենք մեր հողերից, թշնամուն վտարել ենք մեր հողերից, ադրբեջանական դրոշը բարձրացրել ենք մեր պատմական հողերի վրա։ Այսինքն՝ սա պատմական մեծ ձեռքբերում է։
#Դետքի_հետագծով
Սա է Ադրբեջանի որդեգրած իրական քաղաքականությունը՝ ագրեսիվ ելույթներով և ռազմական սադրանքներով լեցուն: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը չի ձգտելու խաղաղության, այլ ռազմական ճանապարհով հասնելու է իր առջև դրված՝ հայկական պետությունը նվաճելու ծրագրին:
Add new comment