Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ուկրաինայի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են «Իրանից բխող ընդհանուր սպառնալիքը»

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հունիսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և դրա վրա Իրանի ենթադրյալ ազդեցությունը։ Ռեզնիկովը Գալանտին իրազեկել է տեղի ունեցող զարգացումների մասին և մտահոգություն հայտնել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Բացի դրանից՝ կողմերը քննարկել են Իրանից բխող համատեղ սպառնալիքը և դրա ազդեցությունն ուկրաինական պատերազմի վրա», ինչպես նաև դրա ավելի լայն՝ գլոբալ հետևանքները։

Գալանտը զրուցակցին տեղեկացրել է նաև քաղաքացիական օդային հարձակման նախազգուշացման համակարգի տեղակայման առաջընթացի մասին, որի ստեղծմանն օգնում են իսրայելցի մասնագետներն Ուկրաինայում։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայի իշխանությունները փորձում են ամեն կերպ Իսրայելից ռազմական աջակցություն ստանալ, քանի որ իսրայելական արտադրության սպառազինությունը կարող է նպաստել ռազմաճակատում ուկրաինական կողմի հաջողություններին։ Այս համատեքստում Ուկրաինան փորձում է շահարկել Իրանի և Իսրայելի միջև առկա թշնամանքը, քանի որ պարբերաբար հայտարարում է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում։

Մինչդեռ Իսրայելը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր բավականին զգուշավոր չեզոքության քաղաքականություն է վարում, քանի որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի և չի ցանկանում վտանգել դրանք, ուստի հրաժարվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց, ինչն առաջացնում է Կիևի դժգոհությունը։

Add new comment