Ադրբեջանցի պաշտոնյաները չպետք է վտանգի ենթարկեն իրենց ժողովրդի երկարաժամկետ շահերը. իրանցի պաշտոնյա
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբբաս Մողթադային Ադրբեջանի պաշտոնյաներին հորդորել է չվտանգել իրենց ժողովրդի երկարաժամկետ շահերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Մողթադային ասել է իրանական «Mizan» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Թեհրանը բազմիցս Բաքվի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ Իրանն իր թշնամիների հետ բարեկամությունը դիտարկում է որպես իր դեմ թշնամություն։
«Մենք ունենք ռազմավարական համբերություն և անհրաժեշտ միջոցներ մեր տեսակետներն իրականացնելու համար, սակայն մեր հարևաններին հորդորում ենք, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն բարիդրացիության խնդրին»,- հայտնել է նա։
Մողթադային Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել կարևորել երկարաժամկետ հարաբերությունները, քանի որ հարևանները մնայուն են, իսկ օտարերկրացիները՝ ոչ։ Նա հավելել է, որ Իրանը բարեկամ երկիր է և Ադրբեջանի ժողովրդին համարում է բարեկամ ժողովուրդ, որի հետ ունի մշակութային և սոցիալական բազմաթիվ ընդհանրություններ։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն Իրանի հետ լարվածության համատեքստում վերջին շրջանում խորացնում է իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Սա բնականաբար առաջացնում է Իրանի դժգոհությունը, որն ամեն կերպ փորձում է կանխել Ադրբեջանի և Իսրայելի հետագա մերձեցումը։
Add new comment