Իրանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը։ Իրանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Աբդոլլահիանը և Բիլսթրյոմն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Վերջիններս քննարկել են նաև Իրանի և Շվեդիայի միջև հյուպատոսական համագործակցության հարցը։
Նշենք, որ Իրանի արտգործնախարարն այս օրերին տարածաշրջանային երկրներ կատարած այցելության շրջանակում գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։
#Դետքի_հետագծով
Չնայած եվրոպական երկրների հետ հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին՝ այնուամենայնիվ իրանական կողմը ձգտում է ամբողջովին չլարել այդ հարաբերությունները և պահպանել կարգավորման հնարավորությունը։ Շվեդիայի հետ հարաբերություններում նույնպես իրանական կողմը փորձում է առկա խնդիրները պահել վերահսկելիության սահմաններում։
Add new comment