Պրիգոժինը հայտնել է, որ մտադիր չէ հանձնվել
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ մտադիր չէ հանձնվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Պրիգոժինը հերքել է դավաճանության մասին իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։
«Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին, նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել: Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
Add new comment