Submitted by D.Guyumjyan on
DETQ

Վրաստանը չի փակի Ռուսաստանի հետ սահմանը

Վրաստանը մտադիր չէ փակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ «Դարյալ» սահմանապահ անցակետում իրավիճակը հանգիստ է, անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուղևորների կամ տրանսպորտային միջոցների ավելացված հոսք ոչ մի ուղղությամբ չի նկատվում։

Ավելի վաղ Վրաստանի ընդդիմությունը Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կոչ էր արել փակել այդ երկրի հետ ցամաքային սահմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Add new comment