Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պաշտոնական Թեհրանը դատապարտում է Շվեդիայում Ղուրանի այրման միջադեպը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են Շվեդիայում Ղուրանի այրման միջադեպը՝ մուսուլմանների Զոհաբերության տոնի (Կուրբան բայրամ - խմբ․) օրերին։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ Սուրբ գրքերի անարգումը բռնության և ատելության հռետորաբանության դիմելու ապացույցն է և հակասում է ազնիվ արժեքներին, որոնք դրված են «մարդու իրավունքներ» հասկացության մեջ։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը և ժողովուրդը, ինչպես մյուս մուսուլմանները և առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ ամբողջ աշխարհում չեն հանդուրժի նման վիրավորանքն ու վճռականորեն դատապարտում են այն։

Իրանի ԱԳՆ պաշտոնական խոսնակը Շվեդիայի իշխանությունների կողմից երկրորդ անգամ Ղուրանն այրելու միջադեպն արտոնելը որակել է սադրիչ, անխոհեմ և անընդունելի։ Վերջինս միևնույն ժամանակ Շվեդիային կոչ է արել կասեցնել սրբությունների անարգման հետագա փորձերը և լուրջ ուշադրություն դարձնել պատասխանատվությանը նման գործողությունների համար։

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին Շվեդիայում հերթական անգամ մի խումբ ակտիվիստներ այրել են մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը, որն առաջացրել է մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դժգոհությունը։ Շվեդիայում նման միջադեպ տեղի էր ունեցել նաև հունվարին, ինչի պատճառով լարվել էին Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները․ դրանից հետո վերջինս մինչև այժմ հրաժարվում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելուց։

Add new comment