Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը շատ կարևոր է. Ալի Վելայաթի 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային այլ պետությունների համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Վելայաթին ասել է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի համոզմամբ՝ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ներկայությունը տարածաշրջանային նոր հավասարում կստեղծի։

Նրա խոսքով՝ ներկայումս աստիճանաբար ձևավորվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները։  Վելայաթին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իրանի հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա, և որոշ հարցերում առկա տարաձայնությունները դրանց վրա բացասաբար չեն անդրադառնում:

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին՝ վերջինս նշել է՝ Ադրբեջանի  իշխանությունները պետք է գիտակցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների խորությունը։ Նա հավելել է, որ Իրանի իշխանությունները չեն ընդունում Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունը:

#Դետքի_հետագծով

Իրանն ու Եգիպտոսը չորս տասնամյակ է, ինչ խզել են դիվանագիտական հարաբերությունները, երբ Եգիպտոսի իշխանությունները 1979-ին Իսրայելի հետ ստորագրեցին Քեմփ Դեյվիդի խաղաղության պայմանագիրը: Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո Իրանն ու Եգիպտոսը նույնպես քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ 

Add new comment