Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 1995 թ. նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ 


Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Երկրորդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Նշենք, որ ՀՀ Սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված:

 

Add new comment