Գերեվարված 2 հայ զինծառայողի մասին տեղեկություն ենք փոխանցել միջազգային կառույցներին. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում մեկնարկել է մայիսի 26-ին Հայաստանից առևանգված 2 հայ զինծառայողի դատական նիստը: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասել է, որ փորձել են տարբերակներ գտնել զինծառայողների առևանգման վերաբերյալ միջազգային կառույցներին որոշակի տեղեկություն փոխանցելու համար․ «Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և քաղաքացուց ստացված տեղեկությունն իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանված ուղարկել ենք միջազգային կառույցներին»:
Մանասյանը նշել է, որ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ․ «Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո, պետք է քայլեր ձեռնարկվեն»:
Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայող ադրբեջանական կողմից առևանգվել էր մայիսի 26-ին։ Այս մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել էին, որ ադրբեջանական զինված խումբը հատել է ՀՀ սահմանն ու առևանգել նրանց։
Add new comment