ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը այսօր կդառնար 62 տարեկան
Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևանում: Ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում` Աֆղանստանում և պարգևատրվել «Արիության» մեդալով: Եղել է ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար:
Ազգային հերոսը ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ և Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը, դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով, ղեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին:Ջիվանը կազմակերպեց օղակի մեջ առնված գյուղից դուրս գալը և Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ:
1991թ. հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ ընդունեց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 1996 թ. սեպտեմբերի 20-ին հետմահու արժանացել է «ՀՀ ազգային հերոսի» կոչման:
Add new comment