Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանում շահագործման է հանձնվել ՄիԳ-29 կործանիչների մարզագույքի համակարգը

Իրանի Իսլամական Հանրապետությունում շահագործման է հանձնվել ՄիԳ-29 կործանիչների համար նախատեսված մարզագույքի համակարգը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ արարողությանը մասնակցել է նաև Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբոլռահիմ Մուսավին։ Վերջինս շնորհակալություն է հայտնել երկրի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը՝ ՄիԳ-29 կործանիչների մարզագույքի համակարգը ստեղծելու համար։

Իրանի բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ ՄիԳ-29-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ուսումնական մարզագույքը հաջողությամբ ավարտել է փորձարկումների փուլը։ Նրա խոսքով՝ այս համակարգն արդյունավետ կլինի Իրանի ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու տեսանկյունից։

Նշվում է, որ մարզագույքային այս համալիրներն առաջիկայում կտեղափոխվեն ՄիԳ-29 կործանիչներով զինված բազաներ։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից պարբերաբար հստակ քայլեր են ձեռնարկվում երկրի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Իրանի զինված ուժերի ստորաբաժանումների շարքում առանցքային դեր ունեն ռազմաօդային ուժերը, իսկ այս նոր համակարգերը վերջինիս հնարավորություն կտա էլ ավելի կատարելագործել սեփական հնարավորությունները։

Add new comment