Իրանական կողմը երաշխավորում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի հավաստիացրել է Ադրբեջանին, որ կերաշխավորի Թեհրանում այդ երկրի դեսպանատան լիակատար անվտանգությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Քանաանին ողջունել է Թեհրանի և Բաքվի միջև հաշտեցման բանակցությունների լավ և կառուցողական ընթացքը։ Նա հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ է վարել՝ դեսպանատան վերաբացման շուրջ։
«Մենք ներկայումս գտնվում ենք շատ լավ և կառուցողական ճանապարհի վրա։ Երկու կողմերը պայմանավորվել են երկխոսության շրջանակներում շրջանցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկկողմ հարաբերություններում»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել էին այս տարվա հունվարի 27-ին, երբ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվեց զինված հարձակման։ Դրանից հետո Ադրբեջանի կառավարությունը տարհանեց դեսպանատան ամբողջ անձնակազմին, և մինչև այսօր դեսպանատունը չի գործում։
#Դետքի_հետագծով
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով որակել է որպես ահաբեկչություն, մինչդեռ իրանական կողմը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Միևնույն ժամանակ չնայած երկկողմ հարաբերություններում առկա լարվածությանը, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին ամիսներին բանակցություններ են վարել երկու երկրների միջև առկա խնդիրների կարգավորման և թյուրիմացությունների շտկման ուղիների շուրջ, որոնց ընթացքում երկուստեք ընդգծել են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Add new comment