Պարսից ծոցի երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը՝ կապված Պարսից ծոցի Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիների վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվաական գործակալությունը։
Քանաանին ընդգծել է, որ Պարսից ծոցի հիշյալ երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունների ընդունումը հակասում է Իրանի և նրա հարևանների միջև առկա բարեկամական հարաբերություններին։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ իրանական կողմը տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը համարում է տարածաշրջանի երկրների հավաքական պատասխանատվությունը։ Նա նշել է, որ Թեհրանը կարևորում է նաև բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքականության շարունակությունը։
Նշենք, որ երկուշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ռազմավարական երկխոսության հանդիպում է կայացել։ Հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Իրանի համար անընդունելի ձևակերպումներ են եղել։
#Դետքի_հետագծով
Բումուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական տեսակետից կարևոր շրջանում: Դեռևս 19-րդ դարում զավթված լինելով Մեծ Բրիտանիայի կողմից՝ դրանք Լոնդոնի կողմից պաշտոնապես Թեհրանին են հանձնվել 1971 թվականին՝ Արաբական Ամիրայություների Դաշնության՝ որպես միասնական պետության կազմավորումից ոչ շատ առաջ: Այդ ժամանակներից շարունակվում է տարածքային վեճը երկու պետությունների միջև:
Իրանական կողմը պնդում է, որ միջազգային հեղինակավոր փաստաթղթերի համաձայն այս կղզիները պատկանում են իրեն։ Թեհրանը նշում է, որ 1881 թվականի բրիտանական նավատորմի քարտեզում, 1863 թվականի Բրիտանիայի ծովային գործերի նախարարության քարտեզում, ինչպես նաև 1886 թվականին բրիտանական պատերազմի նախարարության կողմից պատրաստված Իրանի քարտեզում այս կղզիները գունավորված են Իրանի տարածքի գույնով, և ցույց են տալիս այս կղզիների նկատմամբ իր ինքնիշխանությունը:
Add new comment