Submitted by H.Andreasyan on
ՆԳՆ-ն առաջարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից դուրս բերել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները

ՆԳՆ-ն առաջարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից դուրս բերել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները

Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր ՀՀ քաղաքացիների՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հունիսի 13-ի ԱԺ արտահերթ նիստին՝ խոսելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքն» ընդունվել է դեռևս 2022 թվականի հոկտեմբերին և ուժի մեջ մտել 2023 թվականի հունիսի 1-ից։

«Օրենքն այս պահին տարածվում է զենքի շրջանառության նկատմամբ։ Այսինքն՝ այն կանոնները, որոնք վերաբերում են շրջանառությանը, վերաբերում են զենքին։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրենքը, ի տարբերություն նախորդի, զենքից բացի շատ ավելի լավ կարգավորում է նաև փամփուշտների, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի հետ կապված հարաբերությունները, կան կառուցակարգեր, որոնք զենքից բացի պետք է տարածել նաև փամփուշտների  և մնացյալ հատվածների շրջանառության վրա։ Առաջարկում է սրանով հստակեցում կատարել և օրենքում նախատեսել, որ վերջինիս դրույթները տարածվում են նաև զենքի փամփուշտների և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա»,- հայտնել է տեղակալը։

Փոփոխություններից երկրորդը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին։ Սարգսյանը նշել է, որ ըստ օրենքի՝ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներն ունեին պարտականություն Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

«Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական  կազմակերպություններին վերաբերող հարաբերությունները շատ ավելի դետալային քննարկման առարկա պետք է դառնան,  և այլ օրենքի շրջանակներում պետք է ավելի ճիշտ լուծումներ նախատեսվեն, առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, որպեսզի այն չկապվի այդխումբ հարաբերությունների կարգավորման հետ, բայցև պահպանել քննության հանձնման կանոնը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից»,- նշել է Սարգսյանը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի» համահեղինակ, պատգամավոր Վիլեն Գաբրիլյանը պարզաբանել է․ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում» բացարձակապես խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին։ Այն վերաբերում է զենքի շրջանառության ոլորտում կարգավորումներին»։

Գաբրիելյանը կարևորել է քննական կարգի միջոցով ինքնապաշտպանական միջոցներ ունենալու հնարավորությունը․ «Մեր քաղաքացիները իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, բայց շատ կարևոր է, որ միջոցն ունեցողը կարողանա օգտվել, օգտագործել և տիրապետել դրան, այդ թվում՝ անվտանգության կանոնների մասով»։

Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման՝ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների և առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

«Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթները տարածել նաև փամփուշտների, ինչպես նաև հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Բացի այդ, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ, մինչդեռ դեռևս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով:

Օրենքից ողջ տեքստից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ»,- նշված է փաստաթղթում:

Հոդվածի լուսանկարը՝ ՊՈԳԱ-ի ֆեյսբուքյան էջից

Add new comment