Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանցի փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն է

Կովկասի հարցերով իրացի փորձագետ Սալահեդդին Խադիվն կարծում է, որ Բերձորի միջանցքի անցակետը փակելուց հետո Ադրբեջանի կառավարության նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի համաձայնվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Iskanews» լրատվական գործակալությունը։

Փորձագետն ընդգծել է, որ Բաքվի հանդեպ ցանկացած ճկունություն կավելացնի այդ երկրի ագահությունը։ Նրա խոսքով՝ որքան էլ Իրանը փորձում է թուլացնել լարվածությունը Ադրբեջանի հետ, այդ երկիրը նման նպատակ չունի և շարունակում է ակտիվորեն լարվածություն ստեղծել Իրանի հետ։ 

«Բաքվի կառավարությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը համարում է այս նախագծի գլխավոր հակառակորդը, իսկ Հայաստանը ի վիճակի չէ դիմակայելու Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ կամքին։ Ուստի Բաքուն կարծում է, որ տարբեր միջոցներով ճնշում գործադրելով Իրանի վրա, կարող է Թեհրանին ստիպել փոխել իր դիրքորոշումը Հայաստանին աջակցելու հարցում»,- նշել է նա։

Սալահեդդին Խադիվն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ կարող է լրացնել Հարավային Կովկասում առաջացած իշխանության վակումը, որը պայմանավորված է ուկրաինական ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձություններով։

Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանը  ստեղծված իրավիճակում ցանկանում է մեկուսացնել Իրանին և հասնել իր նպատակներին։ Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանի այս վերաբերմունքը չի փոխվել երկու երկրների միջև լարվածությունը չի նվազի։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը և հստակ քայլեր է ձեռնարկում դրա գործարկումը թույլ չտալու համար։ Այս մասին վկայում է նաև նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Բաքվում հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի հասնել Իրանի դիրքորոշման փոփոխությանը։






 

Add new comment