Կիևը հայտնել է, որ իր զինված ուժերը լքել է Սոլեդար քաղաքը
Ուկրաինական կողմը հաստատել է, որ երկրի զինված ուժերն ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի նկատմամբ։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերխի Չերևատին։
Վերջինս տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ լքել են Սոլեդարի տարածքը։ Նրա խոսքով՝ անձնակազմի կյանքը փրկելու համար Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջել է Սոլեդարից և ամրացել նախապես պատրաստված պաշտպանական գծերում։
Չերևատին շեշտել է, որ Սոլեդարի պաշտպաններն իրական սխրանք են գործել և ամուր են պահել իրենց դիրքերը՝ չնայած հակառակորդի 3-5 անգամ առավելությանը։
«Նրանք հակառակորդին անձնակազմի մեծ կորուստներ են պատճառել, ինչը կարելի է համեմատել չեչենական երկու պատերազմներում ագրեսորի կորուստների հետ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի ազատագրման մասին հայտնել էր դեռևս հունվարի 13-ին, մինչդեռ ուկրաինական կողմը նշում էր, որ քաղաքի համար թեժ մարտերը շարունակվում են։
Add new comment