Ադրբեջանն ու Հունգարիան քննարկել են Արցախի օկուպացված տարածքներում փոխգործակցության հարցը
Ադրբեջանը և Հունգարիան քննարկել են Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքներում հունգարական ընկերությունների մասնակցության հարցը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը։
Վերջինս հայտնել է, որ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կարևորությունը։
«Մենք քննարկել ենք տնտեսական և առևտրային կապերի խթանումը, հունգարական ընկերությունների մասնակցությունը մեր ազատագրված տարածքների վերականգնմանը և մեր երկրի տարանցիկ ներուժն օգտագործելու հնարավորությունը»,- հայտարարել է նա։
Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնցում Ադրբեջանը փորձում է ներգրավել տարբեր երկրների կազմակերպությունների։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ անցան Արցախի Հանրապետության անվտանգության գոտու մաս կազմող յոթ շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, նույն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։
Add new comment